Երեքշաբթի, Սեպտեմբերի 7, 2010





Մեր մասին - Համառոտ ակնարկ

«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲՀԿ
 

ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

1988 թվականին մի խումբ կամավորներ միավորվեցին՝ օգնելու աղետալի երկրաշարժից եւ պատերազմից տուժածներին ու փախստականներին: Քսան տարիների ընթացքում այս ինքնաբուխ մարդասիրական գործունեությունը վերաճեց ու դարձավ ՀՀ սոցիալական աջակցության բնագավառում փորձառությամբ եւ գիտելիքներով իր բացառիկ տեղն ունեցող հզոր հասարակական կառույց:
Հայաստանի համար ամենադժվարին ժամանակներում՝ նախորդ դարի ութսունականների վերջին, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն ստեղծեց, ներդրեց եւ զարգացրեց համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցման ընդհանրական մի համակարգ, որն առ այսօր իր այլընտրանքը չունի ո՛չ պետական եւ ո՛չ էլ հասարակական սեկտորում, եւ որը տարեցներին, հաշմանդամներին, փախստականներին եւ այլ խոցելի խմբերին հնարավորություն ընձեռեց բազմակողմանի սոցիալ-առողջապահական ծառայություններ ստանալ իրենց իսկ տներում եւ համայնքներում՝ իրենց անհատական կարողություններին ու պահանջմունքներին համապատասխան:
Այսօր «Առաքելություն Հայաստանը» ՀՀ 8 մարզերի 22 քաղաքներում իր կողմից հիմնած մոտ հինգ տասնյակ ենթակառույցների միջոցով hամայնքահեն բազմապիսի ծառայություններ է մատուցում շուրջ 10.000 շահառուների:
Համայնքահեն ծառայությունները մատուցվում են կազմակերպության կողմից ստեղծված համայնքահեն սոցիալ-առողջապահական մոդելի միջոցով, որի հիմքում ընկած է դասական սոցիալական աշխատանքը:
2007 թվականին «Առաքելություն Հայաստանի» համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցման կառավարման աշխատակարգը արտոնագրվել է որակի ու ադմինիստրատիվ կառավարման ISO 9001-2000 միջազգային ստանդարտով, իսկ 2008թ.-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից արտոնագրվել է սոցիալական ծառայությունների մատուցումը:
Որդեգրելով խոցելի խմբերին ցուցաբերվող աջակցության համակարգային մոտեցումը՝ կազմակերպությունը ոչ միայն մատուցում է ծառայություններ, այլ նաեւ ձգտում է նպաստել համայնքային մակարդակում սոցիալական քաղաքականության բարելավմանը եւ սոցիալական գործընկերության զարգացմանը:

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հիմնած վերոնշյալ մոդելը ձեռք է բերել մեծ ճանաչում ոչ միայն ՀՀ-ում, այլեւ ողջ կովկասյան տարածաշրջանում՝ ներդրվելով նաեւ Վրաստանում, Ադրբեջանում եւ Դաղստանում:
«Առաքելություն Հայաստանը» նաեւ՝
• Հիմնադիրն է սեւծովյան տարածաշրջանի 12 երկրների շուրջ 50 հասարակական կազմակերպություններ միավորող «Սեւծովյան ՀԿ-ների միջազգային միության», որի քարտուղարությունը մշտապես հաստատված է Հայաստանում եւ ղեկավարվում է «Առաքելություն Հայաստանի» կողմից:
• Հիմնադիր եւ /կամ անդամ է տարեցների, հաշմանդամների եւ փախստականների հիմնախնդիրներով, սոցիալական բարեփոխումների եւ աղքատության կրճատման հարցերով զբաղվող տեղական, տարածաշրջանային եւ միջազգային տարբեր ցանցերի:

Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է համագործակցելով ՀՀ կառավարության, ՏԻՄ-երի, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ ՓԳՀ, միջազգային այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում գործող «Առաքելություն Հայաստանի» մասնաճյուղերի հետ:
2007 թվականից ի վեր «Առաքելություն Հայաստանի» գործունեության իրականացման համար պահանջվող ծախսերի մի մասը ֆինանսավորվում է ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծախսակիսման պայմանագրերով:

Ռազմավարական նպատակները


• Խոցելի բնակչության համար ապահովել պայմաններ անկախ եւ մասնակցային կենսակերպ վարելու համար՝ առանց առանձնացնելու վերջիններիս իրենց հարազատ միջավայրից ու համայնքներից:
• Հոգալ խոցելի խավի բազմակողմանի սոցիալական եւ առողջապահական կարիքները համայնքահեն ծառայությունների միջոցով (առողջություն, խնամք, սնունդ, սոցիալական աջակցություն, խորհրդատվություն, բնակարանային վերանորոգումներ եւ այլն ):
• Աջակցել ինքնօգնության խմբերի ձեւավորմանն ու գործառնությանը տարեցների/ խոցելիների շրջանում. նախաձեռնել հանրային իրազեկման եւ շահերի պաշտպանության երթեր:
• Օգնել տեղացի եւ փախստական խոցելի մարդկանց դուրս գալ հումանիտար օգնություն ստացողի պասիվ կարգավիճակից եւ հուսալքությունից:
• Ապահովել տարատեսակ եկամտաբեր հնարավորություններ եւ մրցունակ դարձնել նրանց այսօրվա շուկայական տնտեսության պայմաններում (մասնագիտական դասընթացներ, խորհրդատվություն, ժամանակավոր աշխատանքային հնարավորությունների ապահովում եւ այլն):
• Ազգային ռազմավարություններում եւ օրենսդրական կառույցներում լոբբինգ իրականացնել աղքատության արմատական խնդիրների լուծման եւ կարգավորման համար:
• Միշտ հաշվի առնել շահառուների անձնական կարծիքները ծառայություններ մատուցելիս եւ առաջնահերթություն տալ այն ծառայություններին, որոնք կարեւոր ու շահավետ են նրանց համար:
 


                                        

Նախագահի ուղերձը

Մենք եւ մեր շահառուները ( ֆիլմ )...

Առաքելություն Հայաստան համառոտ ակնարկ




Այցելուների քանակ
25809


Follow MissionArmenia on Twitter    MissionArmenia on Facebook