Երեքշաբթի, Սեպտեմբերի 7, 2010





Կյանքի պատմություններ

“Ես եմ Կյանքի շքանշանը...”
“Աիդան եւ նրա որդին նորից կհայտնվեն փողոցում...”
“Ես իսկական տղամարդ էի...”
“Ես գիտեմ, որ մի օր աշխարհը դատապարտելու է ցեղասպանությունը”...
“Հինգ տարեկան Ալեքսանդրան Ամանորը կդիմավորի նկուղում...”
“Ավելի լավ է երեխաներիս հետ չոր հաց ուտեմ, քան նրանց մանկատուն ուղարկեմ”
“Կողովագործը Բանանցից”
“Մամիկոնյան Մեծ տիկինը”
“Մանկատան Սվետլանան բնակարանի օրինական ժառանգն է”
“Ժամանակավոր ապաստան հայցողների թիվն օրըստօրե մեծանում է”

Ես եմ Կյանքի շքանշանը

  Մայիս 7, 2007

Մարատ Նազարյանը Հայրենական Մեծ պատերազմի վետերան է: Նա 17 տարեկան էր, երբ Ռուսաստանի Պրիմորիե երկրամասից նրան ուղարկեցին ռազմաճակատ: Որպես ռադիս:՝ նա մասնակցել է բազմաթիվ մարտերի, արժանացել մի շարք շքանշանների: Ութ տարի ծառայելով Սովետական բանակում՝ նա վերադարձել է հայրենիք:
  “Հայրս ու մայրս կարսեցիներ են, գաղթի ժամանակ եկել-հասել են Երեւան,-պատմում է Մարատ Նազարյանը:- Հայրս ասում էր, որ գաղթի ճանապարհին Զորավար Անդրանիկը հանդիպել է իրենց եւ այնպիսի ճանապարհներով է ուղեկցել, որ թուրքի ձեռքը չընկնեն:
  Հայրս Կարմիր բանակի հրամանատար էր: Նրան աշխատանքի են նշանակել Վանաձորում, որտեղ էլ ծնվել եմ ես՝ 1925թ.-ին: 5 տարեկան էի, երբ մայրս մահացավ: Այդ ժամանակ հորս տեղափոխեցին Պրիմորիեի երկրամաս, որտեղ նրան նշանակել էին Չինաստանին սահմանամերձ Ուսուրիյսկի ուղեկալի պետի տեղակալ: Նա ինձ ու եղբորս տարավ իր մոտ”:
  Ուսուրիյսկում Մարատ Նազարյանը հաճախում է դպրոց, ապա՝ ընդունվում Էներգետիկայի տեխնիկում: 1941 թվականին, երբ պատերազմը սկսվեց, զորակոչվեց բանակ: Որպես տեխնիկ-էլեկտրիկի՝ նրան ուղարկեցին Խաբարովսկի ռադիոհետազոտական դպրոց, որտեղ մեկ տարի սովորելով ռադիստ-դիվերսանտի մասնագիտությունը` նա մեկնեց ռազմաճակատ:
  “Մենք Խաբարովսկից նստեցինք վագոններն ու մեկնեցինք դեպի Կուրսկի աղեղ, որտեղ մեր բանակը մեծ կորուստներ էր կրել: Այդտեղ ինձ նշանակեցին դիվիզիայի շտաբի ռադիստ: 1944 թվականն էր, ես 19 տարեկան էի: Ազատագրելով Բելառուսի հողերն ու Լեհաստանը` հասանք մինչեւ Պրուսիա: Հրաման կար՝ գրավել Քյոնիգսբերգ քաղաքի մեծ ամրոցը, որն անմատչելի էր համարվում: Ռազմական պլանն ամբողջությամբ կազմել էր Բաղրամյանը, ով այդ ռազմաճակատի բանակի գեներալն էր:
  Թվում էր, թե ամրոցն անհնար է գրավել: Այդտեղ ես առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպեցի մահվանը,- շարունակում է Մարատ Նազարյանը,- հիշում եմ, երբ գերմանական տանկն իմ դեմ դուրս եկավ, այնքան շփոթվեցի, որ սկսեցի բղավել՝ ինձ նռնակ տվեք, այնինչ նռնակն իմ կողքից կախված էր: Մտա խրամատի մեջ եւ նշան բռնեցի: Գերմանացիներն ինձ նկատեցին եւ տանկի թնդանոթն ուղղեցին իմ կողմը: Այդ պահին ընկերներս տանկը խփեցին, եւ ես փրկվեցի:
  Ես տեսնում էի՝ ինչպես է տանկն այրվում, գերմանացիները դուրս էին փախչում եւ ավտոմատներով կրակում: Առաջին անգամ ես հրացանն ուղղեցի դեպի գերմանացին ու կրակեցի... Գիտե՞ք, բոլորովին այլ զգացում է, երբ տեսնում ես քո զոհին: Երբ գլխարկի տակից տեսա ջահել գերմանացու շեկ մազերն ու սառած աչքերը, որոնք ինձ էին նայում, սարսուռ անցավ մարմնովս: Այդ պահին սկսեցի մտածել նրա հոր ու մոր մասին, որ նրանք այլեւս չեն տեսնելու իրենց որդուն: Այնքան էի հուզվել, որ ամբողջ մարմնով դողում էի: Մինչեւ հիմա էլ հոգուս խորքում մեղքի զգացում ունեմ:
  Տանկը խփողին շնորհեցին “Արիության համար” մեդալ: Իմ հրամանատարը խիստ բարկացավ, որ ես չէի խփել տանկը եւ ինձ թունդ հայհոյեց: Սակայն կորպուսի կապի պետը նրան ավելի թունդ հայհոյեց՝ ասելով, թե քեզ ո՞վ է թույլ տվել ռադիստին տանկի դեմ հանել: Ինձ ուղարկեցին բլինդաժ՝ ռադիոկայանի մոտ: Հուզմունքս դեռ չէր անցել, վաշտի հրամանատարը կարծեց, թե վախից եմ դողում եւ սկսեց ինձ մխիթարել՝ ասելով, թե երբ ինքն առաջին անգամ հայտնվել էր այդպիսի դժվար իրավիճակում, ոչ թե դողում էր, այլ փախչում: Նա ինձ 100 գրամ օղի առաջարկեց, ասացի հերթապահության եմ, չեմ կարող, ասաց՝ եթե առարկես, 200 կլցնեմ: Մի կատակչի տղա ունեինք, միանգամից վրա բերեց՝ ընկեր ավագ, ես կառարկեմ, ինձ երկու հարյուր լցրեք...”:
  Մարատ Նազարյանը հանկարծ ժպտաց՝ հիշելով կատակասեր Խլեստով Բորիսին: Նրա հետ մինչեւ Չինաստան էր հասել, սակայն չէր հիշում, որ նա մի պահ տխրեր, նրա կատակն ու հումորն ամեն տեղ անսպառ էին: Ամբողջ պատերազմն էր այդպիսին՝ այնտեղ միախառնված էին վիշտն ու որախությունը, լացն ու ծիծաղը: Չորս օր անընդմեջ գրոհելուց հետո լուր է հասնում, թե գերմանական նավատորմը մոտենում է Բալթիկ ծովի կողմից:
  “Ես հերթապահում էի մեքենայի մեջ, երբ արկը ծակեց ռադիոկայաններից մեկը, եւ ռադիստ Սաշան զոհվեց,- պատմում է Մարատ Նազարյանը,- կորպուսի հրամանատարը դուռը հրելով ներս ընկավ ու ինձ հրամայեց՝ բաց տեքստով հաղորդեք 11-րդ օդային բանակին՝ անհապաղ ոչնչացնել նավերը: Ես ուզում էի առարկել, քանի որ, որպես ռադիստ, իրավունք չունեի բաց տեքստ հաղորդել, սակայն նա գոռաց՝ Բաղրամյանի հրամանն է: Իրավիճակն իսկապես սարսափելի էր, ռմբակոծությունն իր գագաթնակետին էր հասել, բարեբախտաբար իմ ռադիոկայանն անվնաս մնաց, եւ ես կարողացա հաղորդել: Լսեցի պատասխանը՝ ընդունված է: Չեք պատկերացնի, թե ինչ նշանակություն ուներ մեզ համար այդ պատասխանը: 15 րոպե չանցած՝ ամբողջ երկինքը լցվեց մեր ինքնաթիռներով: Ես երբեք, ո՛չ պատերազմից առաջ, եւ ո՛չ էլ դրանից հետո, չեմ տեսել այդ քանակությամբ ինքնաթիռներ. ողջ երկինքը կարծես ծածկվել էր դրանցով: Ինքնաթիռները խորտակեցին գերմանական նավատորմը, մի քանի նավի հաջողվեց փախչել, մեր ինքնաթիռներից մի երկուսն էլ, ցավոք, խփվեցին:
  Ապրիլի 9-ին գերմանացիները բարձրացրին սպիտակ դրոշները. Քյոնիգսբերգը գրավված էր: Ինը օր շարունակ գիշեր-ցերեկ մենք գրոհել էինք, եւ զինվորներն այնքան հոգնած էին, որ ուժասպառ ընկան ով որտեղ պատահեր ու քնեցին: Կարծես քնած քաղաք լիներ: Այդ պահին, եթե անգամ հրանոթ կրակեին, նրանք չէին արթնանա: Հրամանատարությունը լրացուցիչ զինվորական ուժեր պահանջեց, որպեսզի հսկեն ուժասպառ զինվորների քունը”:
  Առաջին շքանշանը Մարատ Նազարյանը ստացավ Քյոնիգսբերգի գրավման ժամանակ՝ “Մարտական ծառայությունների համար”: Իսկ դրանից հետո դրան ավելացան եւս 13-ը՝ “Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան”, “Գվարդիայի նշան”, “Արիության համար”, “Գերմանացիների դեմ հաղթանակի համար”, “Քյոնիգսբերգի գրավման համար”, ինչպես նաեւ շքանշան՝ “Հաղթանակ Ճապոնիայի դեմ”:
“Մի անգամ հարեւանիս աղջիկը, լսելով պատերազմի մասին իմ պատմությունը, ասաց. “Քեռի Մարատ, խնդրում եմ, ինձ ցույց տվեք ձեր կյանքի շքանշանը, տեսնեմ ինչպիսին է այն”: Ծիծաղելով ասացի՝ ես եմ կյանքի շքանշանը՝ քո առջեւ կանգնած”:
Մարատ Նազարյանը 5 տարի զինվորական ծառայություն անցնելով Չինաստանում՝ 25 տարեկան հասակում վերադառնում է Հայաստան:
Հայաստանում նա ամուսնացավ, սակայն երեխաներ չունեցավ. կնոջը շուտ կորցրեց:
Այսօր Մարատ Նազարյանը միայնակ է, սակայն կա մեկը, ով նրա հետ կիսում է ուրախ ու դժվարին օրերը եւ իմաստ հաղորդում նրա ծերությանը: Միդիլ Գալջյանն է, մի կին, ում հետ Մարատը ծանոթացել էր դեռեւս երիտասարդ տարիներին՝ հանգստյան տանը: Մի քանի տարի առաջ նրանք կրկին հանդիպել են՝ այս անգամ “Առաքելություն Հայաստան” հասարակական կազմակերպությունում:

Աիդան եւ նրա որդին նորից կհայտնվեն փողոցում

Մարտ 12, 2007

  Մալաթիա-Սեբաստիա համայնքի սանմաքրման աշխատանքներն իրականացնող “Կռունկ” փակ բաժնետիրական ընկերության շենքի մի փոքրիկ սենյակում արդեն մեկ տարուց ավելի ապրում է Աիդա Նիկողոսյանն իր տասնութամյա որդու՝ Դավիթի հետ:
Մինչ նրանց այդտեղ գալը 10քմ տարածք ունեցող սենյակը եղել է սանմաքրման տարբեր առարկաների պահպանման վայր: Այժմ այն ժամանակավոր ապաստարան է ծառայում Աիդայի եւ նրա որդու համար:
Սենյակը նրանց տրամադրել է “Կռունկ” ՓԲԸ-ի տնօրենի նախկին տեղակալը` Հրաչ Թովմասյանը , ով պատահաբար տեսել է Աիդային եւ նրա երկու երեխաներին անօթեւան, դրսում թափառելիս: Նա առաջարկել է Աիդային իրենց մոտ որպես հավաքարար աշխատել եւ ժամանակավոր ապրել այդ սենյակում: Որոշ ժամանակ աշխատելուց հետո Աիդայի առողջական վիճակը վատացել է, եւ նա թողել է աշխատանքը, սակայն տարածքը չի ազատել:
Այժմ “Կռունկ”-ի տնօրինությունը դժվար խնդրի առաջ է՝ նրանց անօթեւան թողնել չի ուզում, բայց, միեւնույն ժամանակ, իրավունք չունի այդ տարածքը բնակավայր դարձնել:
Աիդա Նիկողոսյանը ծնվել է 1963 թվականին Թբիլիսիում: Կրթություն չի ստացել, քանի որ տառապել է էպիլեպսիայով: 1985 թվականին ամուսնացել է եւ տեղափոխվել Հայաստան: Երկրորդ երեխայի ծննդից հետո ամուսինը նրանց լքել է:
“Նա հավատացյալ էր, -պատմում է Աիդան, -մեզ թողեց, գնաց մի հավատացյալի հետ ամուսնացավ, էդ կինն էլ չթողեց, որ մեզ իր տնից բաժին հասնի, եւ ես իմ երեխաների հետ մնացի փողոցում: Վերադարձա Թիֆլիս՝ մերոնց տուն: Եղբայրներս տունը վաճառել էին, որ հորս վիրահատեն, բայց հերս մահացավ, մայրս էլ կուրացել էր: Եղբայրներս վարձով էին ապրում, շատ վատ պայմաններում, ստիպված վերադարձա Հայաստան”:
Աիդան երեխաներին տեղավորում է Ավանի գիշերօթիկ դպրոցում եւ ինքն էլ նրանց հետ ապրում գիշերօթիկի հանրակացարանում: Որոշ ժամանակ անց նրանց մոտ է տեղափոխվում Աիդայի ամուսնու եղբայրը:
“Տեգրս հիվանդ էր, տուն չուներ, խնդրեց մեզ մոտ ապրել՝ ասելով, որ փող չունի բնակարան վարձելու: Ես նրան յոթ տարի խնամեցի, վերջում մեզ խաբեց, գնաց”,- պատմում է Աիդան:
2003 թվականին այդ հանրակացարանի փախստական բնակիչները, այդ թվում նաեւ Աիդա Նիկողոսյանը, դրամական փոխհատուցում են ստանում եւ դուրս գալիս հանրակացարանից: Աիդային բաժին է հասնում մոտ ութ հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Բնակարան գնելու հարցով զբաղվում է նախկին ամուսնու եղբայրը` Արմեն Գեւորգյանը:
“Մի օր տեգրս` Արմենը, եկավ, ասաց, թե բնակարան է գնել: Իրերը հավաքեցինք, տեղափոխվեցինք այնտեղ: Մի քանի օր անց նա ինչ-որ տեղ գնաց ու էլ չվերադարձավ: Մի ամիս հետո պարզվեց, որ նա տունը ոչ թե գնել է, այլ մի ամսով վարձակալել, իսկ ինքը գումարը վերցրել է ու փախել: Տանտերերը մեզ դուրս հանեցին ու մեր իրերն էլ չտվեցին”,- ասում է նա:
Մի քանի ամիս շարունակ Աիդան իր երկու երեխաների հետ թափառում է փողոցից փողոց, գիշերում պուրակներում եւ շենքերի մուտքերում, մինչեւ նրան հանդիպում է “Կռունկ”-ի պաշտոնյան եւ տեղավորում այդ սենյակում:
Նրա աղջիկն այդ ընթացքում ամուսնանում է “Կռունկ”-ի բանվորներից մեկի հետ, սակայն վերջինիս ընտանիքը թույլ չի տալիս նրան շփվել մոր հետ: Անգամ այն ժամանակ, երբ մայրը հերթական նոպայի հետեւանքով տեղափոխվում է հիվանդանոց, աղջիկը նրան չի այցելում:
Դավիթը հաճախում է արհեստագործական մի ուսումնարան, որտեղ խոհարարություն է սովորում: Նա արդեն տասնութ տարեկան է, բայց քանի որ գրանցման վայր չունի, անձնագիր չի կարողանում ստանալ:
“Տղաս շատ խելացի է, բայց էս պայմաններում ոչ մի բան չի կարա անի: Տասնութ տարեկան է, հետս է քնում, ամաչում է, մեծ տղա է, բայց ի՞նչ անի”,- ասում է Աիդան:
Աիդան օգտվում է “Առաքելություն Հայաստան” ճաշարանից, այնտեղից նա երկու հոգու համար ճաշ է ստանում: Սակայն կացարանի հարցի լուծման որեւէ ճանապարհ նրանք չեն տեսնում:
“Կռունկ”-ի տնօրեն Արթուր Գալստյանի խոսքերով՝ այլեւս անհնար է նրանց այդտեղ ապրելը, նախ՝ քանի որ ապրելու պայմաններ չկան, հետո էլ` սենյակը ընկերության սեփականությունն է:
“Կռունկ”-ի տնօրենը համաձայնեց եւս երկու ամիս ժամանակ տալ նրանց, պայմանով, որ ժամանակը լրանալուն պես նրանք ազատեն սենյակը:

“Ես իսկական տղամարդ էի...”

Նոյեմբեր 27, 2006

  Ասյա Աղաջանովայի որդին` Գրիշա Աղաջանյանը, եւ հարսը` Մարինեն, բժիշկներ էին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Երկուսին էլ 1988թ.-ին ադրբեջանցիները սպանել են: Ասյա Աղաջանովան այս մասին չի խոսում:
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին աշխատակիցը ամուսնու հետ 1990-ին ստիպված լքեց Բաքուն: 82-ամյա Ա. Աղաջանովան այսօր միայնակ ապրում է Վանաձորում:


Ա. Աղաջանովան ծնվել է Ադրբեջանի Շամախի քաղաքում:
“Հերս վանքապետի տղա էր, իսկ մերս՝ քահանայի աղջիկ: Մեր ընտանիքում մեծ տեղ ուներ հավատքը: Մի օր տեսնեմ հերս մտել է կառավաթի տակ ու ինչ-որ տարօրինակ բաներ է անում: Մորս հարցրեցի, ասեց՝ քո գործը չի, դու չես հասկանա: Հետո տեսա, որ հայրս ամեն անգամ նույն բանն անում է, չդիմացա, մորս խնդրեցի, որ բացատրի: Մերս ականջիս շշնջաց, թե աղոթում է”,- հիշում է Ասյա տատը:
Միջնակարգ դպրոցը գերազանց ավարտելուց հետո Ասյան ընդունվում է Բաքվի բժշկական ինստիտուտ: Երրորդ կուրսում էր սովորում, երբ սկսվեց հայրենական պատերազմը: Նրան ուղարկեցին ռազմաճակատ: Հինգ տարի ռազմաճակատի ամենաթեժ կետերում է եղել, վիրավորվել է, պարգեւատրվել զանազան շքանշաններով:
Պատերազմի ավարտից հետո վերադառնում է տուն, տեսնում է, որ իրենց տանը օտար մարդիկ են ապրում: Հայրը եւ եղբայրները զոհվել էին պատերազմում, իսկ մայրը իմանալով, որ աղջկան բանակ են տարել, մահացել էր սրտի կաթվածից: Երկու փոքր եղբայրներին տեղավորել էին որբանոցում:
“Դիմեցի դատարան, տունս ետ վերցրի,-պատմում է Ասյա տատը, ապա, խորը հառաչ արձակելով, շարունակում,- հետո պարզվեց, որ ինձ ուրիշի փոխարեն են ուղարկել ճակատ: Գնացի ինստիտուտ, թղթերս պատռեցի, դեկանի երեսին շպրտեցի ու դուրս եկա: Ասի` դուք էլ, ձեր բժշկականն էլ”:
Ասյա տատն այդպիսով ավարտում է իր բժշկական կարիերան եւ որոշում իրավաբանական կրթություն ստանալ: Ընդունվում է Բաքվի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Հաջողությամբ ավարտելով այն՝ աշխատանքի է անցնում Բաքվի Պետական անվտանգության կոմիտեում, որտեղից էլ սկիզբ է առնում նրա երկարամյա գործունեությունն այդ կառույցում՝ նախ որպես շարքային աշխատող, ապա` որպես բաժնի վարիչ:
Շատ բաներ չի պատմում իր աշխատանքային գործունեությունից: Ասում է միայն, որ շփվում էր ղեկավար մարմինների հետ, լավ հարաբերություններ ուներ իր բոլոր ադրբեջանցի գործընկերների հետ եւ, որ ամենակարեւորն է, վերջիններն էլ իրեն էին անչափ հարգում ու վստահում:
“Ես իսկական տղամարդ էի, է՜, ո՞վ ռիսկ կաներ դեմս մի սխալ բան ասեր: Տեղակալս մի ջահել թուրք էր, ինձ ո՜նց էր հարգում, ո՜նց էր տեղ տալիս: Մինչեւ 1990 թվականը Բաքվում էի: Ինձ գաղտնի էին տանում-բերում գործի: Առավոտ շուտ վարորդը գալիս էր, ինձ վերցնում, իրիկունը նորից բերում: Բայց մի օր ասին` էլ չես կարող մնալ, մենք քեզ էլ չենք կարող պահել, ավելի լավ ա շուտ գնաս: Ամուսնուս հետ իրերս հավաքեցինք, որ ճամփա ընկնենք: Իրերը կապած նստած ենք, էս տեղակալս զանգեց, թե հանկարծ իրերով չգնաք: Ասեց, թե ճանապարհին հայերի ճամպրուկները դատարկում են, մեջը քար լցնում ու ... էդպես ուղարկում: Էդ տեղակալս շատ լավ մարդ էր, ասեց` ես քո իրերը Վրաստան կուղարկեմ, անվնաս կհասնի քեզ: Ըտենց էլ արեց մարդը”,- պատմում է Ասյա Աղաջանովան:
“Ես էլ ամուսնուս հետ եկա Հայաստան: Հասանք կայարան, աղմուկ-աղաղակ, խառնաշփոթ, շվարած կանգնել ենք, չգիտենք ինչ անենք, ուր գնանք: Հանկարծ մի մարդ մոտեցավ ինձ: Զարմացած նայում է, հարցնում է` չեմ ճանաչու՞մ: Ուշադիր նայում եմ, նայում, տեղը չեմ բերում: Վերջը տեսավ, որ չեմ հիշում, ասաց. “Կարեն Դեմիրճյանի վարորդն եմ”: Ես իրան չէի հիշում, բայց ինքն ինձ լավ հիշում էր: Էն ժամանակները, որ Կարեն Սերոբիչը գալիս էր Բաքու, ես էլ էի մասնակցում հանդիպումներին: Վարորդն ինձ էդտեղից հիշում էր: Ասեց, որ Կարեն Սերոբիչն էլ է կայարանում, տարավ մեզ նրա մոտ: Դեմիրճյանր որ ինձ տեսավ, ո՜նց հուզվեց, գրկեց, համբուրեց: Միանգամից խոստացավ, որ անպայման տան հարցը կլուծի: Ու մարդը կատարեց իր խոստումը: Մի քանի օր անց մեզ Կիրովականում մի բնակարան տվեցին: Այ, մինչեւ էսօր էլ էտ բնակարանում եմ ապրում”:
Ասյա Աղաջանովան օրվա մեծ մասն անցկացնում է “Առաքելություն Հայաստան” հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում: Այստեղ նա ճաշում է, մասնակցում հավաքույթներին, զրուցում հասակակից միայնակ ծերերի հետ:
Ասյա տատն ամուսնուն կորցրել է 1994 թվականին: Թոռներին սումգայիթյան դեպքերից հետո իր եղբայրները Ռուսաստան են տարել` տեսնելով Հայաստանի ծանր վիճակն ու սոցիալական պայմանները: Ասյայի միակ սփոփանքն այժմ թոռների ոչ հաճախակի զանգերն են ու նրանց մասին լուրերը: Դեռ Բաքվում դուստրը ադրբեջանցու հետ նշանված էր, եւ այդ դեպքերի ժամանակ նրա հետ փախչել է Ռուսաստան: Տարիներ հետո նա զանգել է մորը, սակայն չի հայտնել իր տեղը, եւ այսօր ոչ մի լուր չունի նրանից:
“1998 թվականն էր: Թոշակիս հետ խնդիրներ ունեի: Աշխատանքի տեղից ինչ-որ թղթեր էին պետք: Ասի՝ ի՞նչ անեմ, ի՞նչ չանեմ, վերջը որոշեցի զանգել իմ նախկին աշխատանքի տեղը, ոնց էլ չլինի, մի հին աշխատող կլինի, կխնդրեմ ինձ օգնել: Զանգեցի, պարզվեց նախկին տեղակալս իմ տեղն էր զբաղեցնում: Հեռախոսի մոտ կանչեցի: Ասում եմ` ճանաչու՞մ ես ինձ, ասում ա` չէ, ասի՝ մերդ եմ, է՜, մոռացե՞լ ես: Որ ասի՝ մերդ, հասկացավ, որովհետեւ էն ժամանակ ես իր հետ մոր պես էի: Հիմա ո՜նց ա հուզվել, ո՜նց ա լաց լինում: Ասեցի, թե ինչի համար եմ զանգել, ասեց` դու արի, ես քո ամեն ինչն ապահովում եմ, կգաս, անվտանգ հետ կդառնաս, ոչ մի բանի մասին մի մտածիր, դու միայն արի: Պայմանավորվեցինք հանդիպել Բագրատաշենի եւ Սադախլոյի սահմանագլխին: Հանդիպեցինք, ինձ փակ մեքենայով գաղտնի տարան Բաքու: Յոթ օր մնացի Բաքվում, գործերս կարգավորեցի, վերջացրի: Երբ արդեն պիտի հետ գայի, իմ պատվին բանկետ կազմակերպեցին, տարան մի ռեստորան՝ ծովի մեջ, ոնց որ մի իսկական դրախտ, էդպիսի տեղ Հայաստանում չկա, կերանք-խմեցինք, պարեցինք, վերջում իմ նախկին տեղակալն իմ կենացն ա խմում ու ասում ա. “Կեցցե՛ Ստալինը, կեցցե՛ Ստալինը”, զարմացած նայում եմ, չեմ հասկանում՝ ինչի՞ ա ասում Ստալին: Վերջում ասեց` Ստալինը դու ես, դու, մենակ դու կարայիր էսքան հերոսական բան անել, դու իսկական տղամարդ ես”:
Որ վերադարձա, ԿԳԲ-ից էկան, սկսեցին գնալ-գալ, գնալ-գալ, թե ի՞նչ էիր անում Բաքվում, խի՞ էիր գնացել, էս, էն, բոլորին իրենց տեղը դրեցի, ընենց ուղարկեցի, որ տեղս էլ մոռացան”:

“Ես գիտեմ, որ մի օր աշխարհը դատապարտելու է ցեղասպանությունը”

Ապրիլ 23, 2007

  Նկարչուհի Հեղինե Աբրահամյանը ցեղասպանությունը վերապրածներից է: Նա 95 տարեկան է: Ծնվել է Կարսում: Ականատես է եղել հայերի բռնի տեղահանությանը Արդահանում եւ Կարսում: 1920 թվականին, երբ Հեղինեն ութ տարեկան էր, նրա ընտանիքը վերջնականապես լքել է Կարսը՝ ներգաղթելով նախ Գյումրի, ապա` Երեւան:
“Ես երեք տարեկան էի, երբ մեր ընտանիքն առաջին անգամ տեղահանվեց: Այդ ժամանակ մենք ապրում էինք Արդահանում,- պատմում է Հեղինե Աբրահամյանը:- Հայրս զինվորական աշխատող էր: Նրան նշանակել էին զինվորական մատակարար Երեւանում: Հայրս մեզ իր հետ Երեւան տարավ: Մեր վարձակալած տունը գտնվում էր այժմյան Օպերայի թատրոնի տարածքում: Այն ժամանակ այն ամայի վայր էր՝ մի քանի տներով ու այգիներով: Հիշում եմ՝ ես ու հարեւանի աղջիկն այդ այգիներից մեկում ծիրան կերանք, ձեռքերս կեղտոտվեցին, ուզեցի կռանալ, գետում լվանալ, ընկա մեջը: Գետն ինձ տարավ: Ինձ փրկեց մեր տանտիրոջ տղան: 1918 թվականին մայրս մահացավ, եւ մորաքույրներս ինձ ու եղբորս տարան Կարս”:
Հեղինեն ընդունվում է Կարսի օրիորդաց վարժարան: Սակայն 1920 թվականի նոյեմբեր ամսին Կարսը կրկին հարձակման է ենթարկվում թուրքերի կողմից: “Թուրքերն արգելում էին հայերին լքել քաղաքը: Սակայն հորս՝ որպես ռուսական բանակի զինծառայողի, մի վագոն տրամադրեցին, որպեսզի մենք հավաքենք իրերը ու հեռանանք: Հորաքույրս գնացել էր կայարան՝ իրերը դասավորելու: Հանկարծ նա վերադարձավ ու շփոթված հայտնեց, որ թուրքերը գրավել են կայարանը, եւ գնացքը գնացել է, մեր իրերն էլ մեջը: Արդահանից հետո երկրորդ անգամ էր, որ մենք կորցնում էինք մեր ունեցվածքը:
Այդ ժամանակ հայրս մեզ հետ չէր, երեւի զորամասում էր: Մենք մի ֆուրգոն նստեցինք եւ շտապեցինք դեպի ձորի ճանապարհը, որտեղով պիտի փախչեինք: Երբ հասանք ձոր, մի աներեւակայելի տեսարան բացվեց: Ձորը լի էր խուճապահար մարդկանցով, բոլորը փախչում էին՝ ոմանք ոտքով, մյուսները` սայլերով, ձիով, ինչպես պատահեր...Շատ չանցած` ճանապարհն այնքան լցվեց մարդկանցով, որ առաջ շարժվելն անհնար դարձավ: Մեր ֆուրգոնը կանգ առավ: Այդ ժամանակ նկատելով, որ հարմար առիթ է մարդկանց կոտորելու համար, թուրքերը բարձրացել էին ձորի երկու բարձունքներին եւ կրակում էին ժողովրդի վրա...Ես տեսա առաջին սպանվածին, ինձ համար այդ տեսարանն անտանելի էր, եւ ես հավանաբար ուշաթափվեցի: Երբ ուշքի եկա, մեր ֆուրգոնը դատարկ էր, մերոնք հեռացել էին՝ թողնելով ինձ մենակ: Ֆուրգոնի տակ մի քուրդ կին էր պատսպարվել՝ երեխան գրկին: Կողքին ընկած էր հորեղբորս չորս տարեկան աղջիկը՝ Ցողիկը, ազդրը փշրված: Նա արնաքամ եղավ եւ մահացավ աչքիս առաջ: Իսկ այդ քուրդ կինը ինձ վերցրեց, եւ մենք միասին շարունակեցինք ճանապարհը՝ հուսալով գտնել մեր հարազատներին”:
“Ձորում մի կամուրջ կար,- շարունակում է Հեղինե Աբրահամյանը,- Տեղացիներն այն “Մազե կամուրջ” էին անվանում, շատ նեղ էր, հազիվ մի մարդ կարող էր անցնել վրայով: Այդ ճոճվող կամրջի վրայով մարդիկ պիտի անցնեին: Դիմացից կրակում էին, իսկ ետ գնալ հնարավոր չէր, քանի որ բազմությունն առաջ էր գալիս: Մարդիկ ջուրն էին ընկնում, գետը կարմիր էր՝ արյունով ներկված: Ինձնից առաջ մի մարդ էր գնում՝ մեջքին մի մեծ պարկ: Հանկարծ նա ուժասպառ ընկավ: Չգիտեմ՝ ինձ ինչպես անցկացրին, գուցե նրա վրայո՞վ, բայց ես հայտնվեցի մյուս ափին: Ծանոթ մարդ էի փնտրում, հանկարծ ոտքերիս տակ հողը ցրիվ եկավ: Կրակում էին: Մի մարդ վազելով մոտեցավ ու ինձ իր շինելի մեջ փաթաթած՝ սկսեց վազել: Ես ոտքերով ու ձեռքերով հարվածում էի նրան՝ փորձելով ազատվել: Չէի գիտակցում, որ նա իմ փրկիչն է: Հասցնելով մի կիսաքանդ շինության մոտ՝ նա ինձ կոտրված ապակիների միջով ներս շպրտեց:
Իրար մեջ բացվող սենյակներում խումբ-խումբ մարդիկ էին հավաքված՝ վիրավոր ու պատառոտված շորերով: Նրանց մեջ մերոնց գտա: Քիչ անց կրակոցները դադարեցին, եւ իմացանք, որ Կարսի ճանապարհը բաց է: Վերադարձանք քաղաք՝ այդ ահավոր ձորում թողնելով տատիս ու հորեղբորս աղջկա դիերը”:
Հեղինե Աբրահամյանի պապը՝ Խորեն Ստամբոլցյանը, Կարսի Առաքելոց եկեղեցու քահանան է եղել: Սովորել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, այնուհետեւ ձեռնադրվել է քահանա եւ 1882 թվականից Կարսում վարել քահանայական պաշտոն՝ զուգահեռաբար ուսուցչություն անելով Կարսի երկսեռ դպրոցներում: Նա 1 8 87 թվականին Կարսի Ս. Աստվածածին եկեղեցում մկրտել է եղիշե Չարենցին:
Մինչեւ 1921 թվականի վերջը Խորեն քահանան եղել է Կարսում՝ ինը ամիս գերի մնալով թուրքերի ձեռքում: Այդ ընթացքում նա գրի է առել Կարսի գրավման եւ դրան հաջորդող իրադարձություններն իր “Կարսի անկումը” վերնագրով հուշամատյանում, որն այժմ գտնվում է պետական արխիվում: Նա Կարսից հեռացող վերջին հայերից է եղել:
1921 թվականի գարնանը որբանոցի երեխաներին գնացքով տեղափոխում են Լենինական: Հեղինեն ու եղբայրն այդ երեխաների մեջ էին:
“Կարս-Լենինական ճանապարհն այնքան էլ երկար չի,- պատմում է Հեղինե Աբրահամյանը,- սակայն ես այնպիսի տպավորություն եմ ստացել, որ գնում-գնում ենք ու տեղ չենք հասնում: Մեզ անասունների պես լցրել էին վագոնների մեջ, որոնք դրսից կողպված էին: Համաճարակ էր բռնկվել: Ես չեմ հիշում, սակայն հորաքույրս հետագայում պատմում էր, որ մահացած երեխաների դիակները պատուհանից դուրս էին գցում, որպեսզի համաճարակն ավելի չտարածվեր”:
Գյումրիում որոշ ժամանակ ապրելուց հետո նրանք տեղափոխվում են Երեւան: Հեղինեն հաճախում է դպրոց եւ այդ տարիներից ի վեր նրա մեջ հետաքրքրություն է ծնվում նկարչության հանդեպ: Սկզբում նա հաճախում է նկարչական դպրոց, ապա մեկնում Լենինգրադ՝ ուսումը շարունակելու Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում:
“Լենինգրադում ահավոր սառնամանիքներ էին: Մի քանի ընկերուհիներով մի սենյակ էինք վարձել եւ ապրում էինք խղճուկ ուսանողական թոշակով: Սենյակում այնքան ցուրտ էր, որ նկարելիս սառչում էինք: Այդ տարիներին մատներս ցրտահարվեցին՝ չդիմանալով 42 աստիճանի հասնող ցրտին”:
Վերադառնալով Երեւան՝ Հեղինե Աբրահամյանն աշխատանքի է անցնում Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում: Շուրջ երեսուն տարի նա նկարչություն է դասավանդել այդ ուսումնարանում՝ իր հմտությունն ու փորձը փոխանցելով շատ ուսանողների, այդ թվում նաեւ այնպիսի նշանավոր արվեստագետների, ինչպիսիք են Գրիգոր Խանջյանը, Օնիկ Մինասյանը, Լեւոն Կոջոյանը, Ռաֆայել Աթոյանը եւ ուրիշներ:
Այսօր էլ հարյուրամյակի շեմին հասած Հեղինեն շարունակում է նկարել: Բազում կիսատ կտավներ ունի, որ ավարտին պիտի հասցնի: Միայն մի ցավ անվերջ նրա աչքերում է՝ կորցրած հայրենիքի կարոտը:
“Ես գիտեմ, որ մի օր աշխարհը դատապարտելու է ցեղասպանությունը,-ասում է Հեղինե Աբրահամյանը,- Եվրոպան պիտի ճանաչի թուրքին եւ չվստահի նրա նենգ քաղաքականությանը, որովհետեւ եթե թուրքը հայերի ցեղասպանության բեռն ուսերին մտնի Եվրամիություն, ապա շատ արագ կկործանի նաեւ Եվրոպան”,-համոզված է նա:

Հինգ տարեկան Ալեքսանդրան Ամանորը կդիմավորի նկուղում

Դեկտեմբեր 25, 2006

Երեւանի Բագրատունյաց 43 հասցեում գտնվող բնակելի շենքի նկուղում արդեն կես տարի ապրում է մի ընտանիք` Ալեքսանդր Շումովիչը, կինը՝ փախստական Էլվիրա Մարտիրոսյանը, եւ նրանց հնգամյա դուստրը՝ Ալեքսանդրան:
Դեկտեմբերին, երբ ձմռան ցրտերն անտանելի են դարձել, Էլվիրա Մարտիրոսյանը դիմել է “Առաքելություն Հայաստան” կազմակերպությանը՝ խնդրելով օգնել իրենց: Այժմ Էլվիրան շաբաթվա հինգ օրերին կազմակերպության բարեգործական ճաշարանից տաք սնունդ է տանում “տուն”, իսկ սոցիալական աշխատողը` Գոհար Ամյանը, այցելելով նրանց՝ փորձում է պարզել ընտանիքի՝ այդ վիճակում հայտնվելու պատճառները:
Գոհարն ինձ ուղեկցում է կացարանը, որտեղ պատսպարված է երեք հոգանոց ընտանիքը: Այնտեղ հասնելու համար Գոհարը ստիպված է ամեն անգամ հաղթահարել բազմաթիվ դժվարանցանելի հատվածներ: Մենք հայտնվում ենք մի մութ տարածության մեջ, որտեղ հազիվ նշմարվում է երկաթյա դուռը:
Մոմերի աղոտ լույսի ներքո երիտասարդ մի կին է նստած եւ հրեշտականման մի աղջնակ:
Շուրջբոլորը խառնիխուռն առարկաներ են` փոքրիկ գազօջախ, ժամացույց, հագուստ, հայելի եւ էլի ինչ-որ իրեր, որոնք դարսված են իրար վրա կամ պարկերի մեջ: Էլվիրան մեզ հրավիրեց ներս՝ զգուշացնելով չվախենալ իրենց “ընկերակցող” առնետներից:

Էլվիրա Մարտիրոսյանը ծնվել է 1963 թվականին Բաքվում: Ընդունվել է Բաքվի կոնսերվատորիա, ապա ամուսնացել: Որդու՝ Ռաֆայելի ծննդից որոշ ժամանակ անց նա բաժանվել է ամուսնուց: Վերջինս զինվորական էր եւ ծառայում էր Հայաստանում:
“1988 թվականին որդուս հետ եկա Հայաստան: Սկզբում ապրում էինք հորաքրոջս տանը, սակայն հետո ես ընդունվեցի Երեւանի պետական կոնսերվատորիա, որպեսզի կիսատ թողած ուսումս ավարտին հասցնեմ: Այդ ժամանակ երկու ուսանող աղջիկների հետ միասին ապրում էինք Զեյթունի ուսանողական հանրակացարանում: Վիճակս շատ վատ էր, ես ափսոսում էի, որ խզել եմ բոլոր կապերը ամուսնուս հետ՝ չընդունելով նրա դրամական օգնությունը, որն ուղղված էր մեր որդուն: Զանգեցի եւ նրան հայտնեցի, որ մենք Հայաստանում ենք: Ամուսինս երբեմն գալիս էր, վերցնում Ռաֆայելին եւ տանում իր բարեկամների մոտ, սակայն ինձ հետ որեւէ կապ չուներ”,- պատմում է Էլվիրան:
Էլվիրան ավարտում է կոնսերվատորիան եւ աշխատանքի անցնում Արարատի մարզի Արեւաշատ գյուղի երաժշտական դպրոցում: Այդ ժամանակ ամուսինը տեղափոխվում է Մոսկվա: Էլվիրան հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, եւ ամուսինն առաջարկում է որդուն իր մոտ տանել:
“Համաձայնեցի, քանի որ ծայրահեղ պայմաններում էի գտնվում, անգամ բնակարան չունեի, իսկ հորաքրոջս չէի ուզում անհանգստացնել: Որոշ ժամանակ անց որդիս` Ռաֆայելը, եկավ Հայաստան: Ես հասկացա, որ նա այլեւս չի կարող ինձ հետ ապրել, քանի որ հայրը նրան շքեղ պայմաններում էր պահում: Ռաֆայելը կրկին մեկնեց հոր մոտ: Այդ ժամանակվանից ի վեր ես նրան չեմ տեսել”,- շարունակում է պատմությունը Էլվիրան:
Հոգեկան ծանր վիճակն ու անհաջողությունները Էլվիրան փորձում է ինչ-որ ձեւով լուծել: Սկսում է հաճախել մի հոգեւոր կենտրոն, որը կոչվում է “Կյանքի խոսք”: Այդտեղ հաճախում էր նաեւ նրա հորաքույրը:
“Ես պարզապես մարդ էի, ով փնտրում էր Աստծուն: Ես ունեի հարցեր, որոնք պատասխան էին պահանջում: Բայց ես չգիտեի ճանապարհը, արդյո՞ք ես ճիշտ տեղում էի, թե՞ ոչ: Այդտեղ հորաքույրս ինձ ծանոթացրեց մի կնոջ հետ, ով խոստացավ ինձ համար ժամանակավոր բնակարան գտնել: 1999 թվականն էր: Ես հավաքեցի իրերս եւ այդ կնոջ հետ միասին գնացի այն տունը, որտեղ պետք է ապրեի: Նա ինձ ասաց, որ ես զբաղեցնելու եմ այդ տան մի սենյակը, իսկ մյուս սենյակում ապրում է եւս մեկը՝ ինչ-որ տղամարդ: Ես չգիտեի՝ ով է այդ մարդը, միգուցե նա թմրամոլ է կամ մարդասպան, ես սկսեցի աղոթել, եւ Աստված ինձ ասաց, որ ես պետք է գնամ այնտեղ ... : Դուռը բացեց միջին տարիքի մի մարդ, մենք ծանոթացանք: Նա Ալեքսանդրն էր՝ իմ ապագա ամուսինը”,- հիշում է Էլվիրան:
Ամուսնու` Ալեքսանդր Շումովիչի ընտանիքը 1967 թվականին Ուկրաինայից տեղափոխվել է Երեւան եւ բնակություն հաստատել Բագրատունյաց 43 հասցեում, այն նույն շենքում, որի նկուղում այժմ բնակվում են Ալեքսանդրը, Էլվիրան եւ Ալեքսանդրան: Ալեքսանդրի ընտանիքը Ուկրաինայից Երեւան է տեղափոխվել հայազգի մոր՝ Ռոզայի նախաձեռնությամբ: Վերջինս ամուսնալուծվել էր եւ ցանկանում էր իր երկու որդիների հետ միասին ապրել հայրենիքում: Երբ Էլվիրան ծանոթացավ Ալեքսանդրի հետ, նրա մայրը՝ Ռոզան, արդեն մահացել էր, իսկ եղբայրը՝ Յուրան, տեղափոխվել էր Ռուսաստան:
Ալեքսանդրի եւ Էլվիրայի ամուսնությունից երկու տարի անց՝ 2001 թվականին, ծնվում է Ալեքսանդրան:
“Կինը, ով ինձ բերել էր այդ տուն, ոչինչ չէր ասել իր եւ այդ ընտանիքի կապի մասին: Հետագայում ես պարզեցի, որ նա եղել է ամուսնուս եղբոր` Յուրայի նախկին կինը: Ամուսնալուծությունից հետո Յուրան նրան է թողել բնակարանի 1/3 մասը եւ մեկնել Ռուսաստան, իսկ մյուս մասը մնացել է ամուսնուս` Ալեքսանդրին: Երբ ես հղի էի, Յուրայի նախկին կինը եկավ եւ հայտնեց, որ իրեն պատկանող սենյակը պատրաստվում է մի ընտանիքի տալ ժամանակավոր ապրելու համար: Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչպես երկու տարբեր ընտանիք պետք է ապրեին մի տան մեջ: Ճիշտ է, ես գրանցված չէի այդ տանը եւ ոչ մի իրավունք չունեի նրան հակաճառելու, սակայն նաեւ զգում էի, որ ի վիճակի չեմ առանց կոնֆլիկտի այդ հարցը լուծել”,- ասաց Էլվիրան:
Այդ տունը դարձավ կռվախնձոր, եւ գործը հասավ նրան, որ երկու կողմերը որոշեցին տունը վաճառել եւ գումարը բաժանել:
Սակայն, կողմերը չդիմեցին դատարան, քանի որ նրանց հաճախած հոգեւոր կենտրոնում արգելվում էր դատական գործընթացը: Նրանք որոշեցին հարցը լուծել իրենց հոգեւոր կենտրոնի միջոցով:
“Ինչպե՞ս կարող են այդ մարդիկ, ովքեր Աստծո անունն են տալիս, այդքան խարդախ ու խաբեբա լինել: Նրանք մեզ խաբեցին եւ դուրս շպրտեցին մեր բնակարանից՝ մեզ ինչ-որ կոպեկներ տալով: Այդ հոգեւոր դատը, որը տեղի ունեցավ, խաբեություն էր, իհարկե, դրա գլխավոր մեղավորը Յուրայի նախկին կինն էր, ով ցանկանում էր տիրանալ ողջ բնակարանին: Նրանք մեզ պատկանող տարածքը, որը կազմում է բնակարանի մեծ մասը, փաստաթղթում, իբր թե սխալմամբ, կրճատեցին: Դա մենք հետո պարզեցինք, երբ արդեն Ալեքսանդրը ստորագրել էր փաստաթուղթը: Հետո պարզեցինք, որ միայն մենք պետք է մեր բաժինը վաճառենք: Մեզ բաժին հասավ մոտ 4 000 դոլարին համարժեք դրամ, որով մենք ոչինչ անել չէինք կարող: Երբ մնացինք դրսում, մի օր այս ծանոթի տանն էինք անցկացնում, մի օր՝ մյուս, բայց ինչքա՞ն կարելի է այդպես: Այս նկուղը մեր հարեւաններից մեկինն է, նա է տվել, որ ապրենք: Այժմ ես ուզում եմ, որ օրինական դատ ու դատաստան լինի, եւ ամուսնուս վերադարձնեն այն տունը, որտեղ նա ապրել է մոտ քառասուն տարի”,- ասում է Էլվիրան:
Էլվիրա Մարտիրոսյանը փախստական է եւ նրան օրինական կացարան է հասնում: Սակայն նա ի վիճակի չէ զբաղվել իր թղթերով: Դրանով պարտավոր է զբաղվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալությունը, ում “Առաքելություն Հայաստան” կազմակերպությունն արդեն միջնորդագիր է ներկայացրել:

“Ավելի լավ է երեխաներիս հետ չոր հաց ուտեմ, քան նրանց մանկատուն ուղարկեմ”

Մայիս 28, 2007

Քսանիննամյա Ժենյան վեց անչափահաս երեխաների մայր է: Երեխաներից երեքը՝ Արայիկը, Արմանն ու Արմինեն, հաճախում են դպրոց, իսկ մյուս երեքը՝ Մարիամը, Էդգարն ու Էրիկը, դեռ փոքր են: Ժենյայի ամուսինը՝ Սամվել Օրդուբեկյանը, բռնադատված է, ինչպես կինն է ասում՝ իր չգործած հանցանքի համար: Այժմ ժենյան իր երեխաների հետ ապրում է Նոր Խարբերդի 8-րդ փողոցում՝ վարձով: Չի աշխատում, քանի որ երեխաներին խնամող չկա, իսկ տան վարձը տալիս է երեխաների նպաստից ստացած գումարով:
“Մենք ի սկզբանե բնակարանի խնդիր ենք ունեցել,- ասում է Ժենյան,- երբ ամուսնացանք, ապրում էինք վարձով: Ամուսինս իր ընկերոջ սրճարանում պահակ էր աշխատում, ես էլ մեկ-մեկ հարուստների տներն էի մաքրում, այդպես, ծայրը ծայրին հասցնելով, ապրում էինք: Ամուսնուս հայրական տանն ապրում էր նրա եղբայրն իր ընտանիքի հետ: Նրանք էլ ֆինանսական խնդիրներ ունեին եւ հայրական բնակարանը վաճառեցին՝ այդ վաճառքից մեզ երկու հազար դոլար բաժին հանելով: Մենք պարտքեր ունեինք, այդ գումարով պարտքերը փակեցինք, մի փոքր գումար էլ ավելացավ, մեկնեցինք Ռուսաստան: Դա 2002 թվականն էր: Այնտեղ աշխատում էինք, գործերը լավ էին: 2003 թ. ծնվեց հինգերորդ որդիս՝ Էդգարը: 2004-ին մենք որոշեցինք գալ Հայաստան՝ մեր հարազատներին տեսնելու, սակայն մտադիր էինք վերադառնալ: Եկանք եւ այլեւս չկարողացանք վերադառնալ, քանի որ ամբողջ գումարը ծախսեցինք: Այդ ժամանակ ապրում էինք մեր ծանոթներից մեկի ամառանոցում, որի տերը մեկնել էր Ռուսաստան: 2006 թ. ծնվեց վեցերորդ որդիս՝ Էրիկը”:
Նույն թվականի մայիսի 31-ի երեկոյան նրանց է այցելում Սամվելի մանկության ընկերը` ինչ-որ տղաների հետ: Հաց են ուտում, զրուցում են, մի քանի ժամ անց զրույցը վերածվում է ծեծկռտուքի: Սամվելն ու իր ընկերը ծեծի են ենթարկվում: Ընկերոջը տեղափոխում են հիվանդանոց՝ մարմնական ծանր վնասվածքներով:
“Այդ վեճի ժամանակ վնասվածքներ էր ստացել ոչ միայն ամուսնուս ընկերը, այլեւ ես ու ամուսինս,-պատմում է ժենյան:- Սակայն դեպքից մեկ շաբաթ անց հակառակորդները գնացել էին հիվանդանոց՝ ամուսնուս ընկերոջ մոտ, եւ նրան ինչ որ ձեւով համոզել, որ նա կեղծ վկայություն տա ամուսնուս դեմ՝ իբր թե նա է իրեն ծեծել, այլ ոչ թե իրենք: Երեսունհինգ տարվա ընկերը համաձայնել էր: Եվ ամուսնուս բռնում են իր չգործած հանցանքի համար՝ դատապարտելով ազատազրկման երեք տարի չորս ամիս ժամկետով”:
Ժենյան իր վեց երեխաների հետ շարունակում է ապրել նույն տանը, սակայն շուտով Ռուսաստանից վերադառնում է ամառանոցի տերը եւ, իմանալով Ժենյայի ամուսնու ազատազրկման մասին, խնդրում է նրան ազատել ամառանոցը:
“Ես, չցանկանալով նեղություն տալ բարեկամներիս, որոշեցի ինքս տուն գտնել,-պատմում է Ժենյան:-Վարձով տուն չէի կարողանում ճարել, որովհետեւ վեց երեխաների պատճառով ոչ ոք չէր համաձայնում իր տունը վարձով տալ: Նոր Խարբերդում մի ծանոթ ունեի, նրան խնդրեցի թույլ տալ ապրել իր ամառանոցում: Նա մեզ տրամադրեց իրենց ամառանոցին կից մի բարաքատիպ տեղ, որի հատակն ամբողջությամբ հողից էր: Աշնան անձրեւային ամիսներին տանիքից ջուրը կաթում էր, եւ մենք թրջվում էինք, իսկ ձմռանը երեխաներս ցրտից կուչ էին գալիս: Ապրելու ոչ մի պայման չկար, պառկում էինք հողե հատակին ու քնում, անգամ հոսանք չունեինք: Այդ ժամանակ ինձ խորհուրդ էին տալիս երեխաներից մի քանիսին մանկատուն տանել, բայց ես ասում էի, որ ավելի լավ է երեխաներիս հետ չոր հաց ուտեմ, քան նրանց մանկատուն ուղարկեմ: Այդ սարսափելի պայմաններում մենք ապրեցինք մոտ մեկ տարի: Մեկ ամիս առաջ տանտերը եկավ եւ ինձ խնդրեց ազատել տարածքը: Բարեբախտաբար, ես կարողացա գտնել այս տունը, որի տերը համաձայնեց տունը վարձով տալ: 45.000 դրամ նպաստից 25.000-ը տան վարձ պիտի տամ”:
Մի քանի ամիս է, ինչ այս ընտանիքին օգնության ձեռք է մեկնում “Առաքելություն Հայաստան” հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության սոցիալական աշխատող Աննա Մարկոսյանի խոսքերով՝ Ժենյան ինքն է տեղեկացել կազմակերպության մասին եւ դիմել իրենց:
“Շաբաթը երեք անգամ ողջ շաբաթվա համար Ժենյան չոր սնունդ է ստանում մեր կազմակերպության Էրեբունու բարեգործական ճաշարանից: Նրանք նոր են ընդգրկվել կազմակերպության շահառուների շարքում եւ դեռեւս շատ չլուծված խնդիրներ ունեն, սակայն նրանց գերագույն խնդիրը բնակարանն է, եւ մենք արդեն միջնորդագիր ենք ուղարկել “Դիակոնիկա” բարեգործական հիմնադրամի նախագահին` հիմնադրամի բնակարանային ֆոնդից նրանց բնակարան հատկացնելու վերաբերյալ,- ասում է Աննա Մարկոսյանը:
“Մեզ այդ բնակարանը օդ ու ջրի պես անհրաժեշտ է,- ասում է Ժենյան,-որովհետեւ ես չեմ կարողանում տան վարձ տալ, երեխաներս սոված են մնում: Եթե նրանց խնամող լիներ, գոնե կկարողանայի աշխատել: Գրեթե ամիսը մեկ անգամ էլ ամուսնուս եմ այցելում, դա էլ է ծախս: Բացի այդ, նրա վիճակը լավ չի, անցած տարի իր անմեղությունն ապացուցելու համար թեյի գդալ էր կուլ տվել: Անգամ “Առավոտ”-ի 2006 թվականի նոյեմբերի 17-ի համարում այդ մասին փոքրիկ լուր տպվեց: Նրա պաշտպանը մեկուսարանի պետին դիմում էր գրել, որպեսզի իր պաշտպանյալին տեղափոխեն դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց , սակայն պատասխանել էին, թե իբր ստուգում են անցկացրել, ստամոքսում ոչ մի գդալ էլ չկա: Ես համոզված եմ, որ այդ գդալը մինչ այժմ նրա ստամոքսում է, քանի որ ամուսինս հաճախակի նոպաներ է ունենում եւ օրեցօր հյուծվում է: Ես պիտի պահանջեմ, որ մեկ անգամ էլ ստուգում անցկացվի, եւ եթե պարզվի, որ գդալը նրա ստամոքսում է, խոստանում եմ դատի տալ համապատասխան մարմիններին”:

Կողովագործը Բանանցից

Դեկտեմբեր 18, 2006

82-ամյա Շուշանիկ Տոնյանը փախստական է եւ Հայաստանում ոչ մի հարազատ չունի:
“Արդեն տասնութ տարի է՝ այս խարխուլ հանրակացարանում եմ, սա է իմ հարազատ օթեւանը,- ասում է Շուշանիկ տատն ու շարունակում,- իմ հույսն էլ իմ ձեռքերի ուժն է եւ բնությունից տրված հրաշալի հումքը՝ ուռին”:
Շուշանիկ տատը դեռ ապրում է իրենց գյուղի` Բանանցի հեռավոր ու հարազատ հուշերով: Նա ծնվել է Բանանցում, ուսում առել եւ զբաղվել հորից ժառանգություն մնացած արհեստով՝ կողովագործությամբ:
“Հայրս՝ Ալեքսան Տոնյանը, Կիրովաբադի շրջանի հայտնի կողովագործն էր: Այդ արհեստը սովորել էր Հանս անունով մի գերմանացուց Խանլարում: Նախասովետական տարիներին Խանլար քաղաքը գերմանական գաղութ է եղել, որտեղ ապրել են նաեւ ասորիներ, հայեր, հույներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Երբ խորհրդային տարիներին գերմանացիներին Խանլարից արտաքսեցին, հայրս դարձավ շրջանի կողովագործություն ուսուցանող վարպետը: Նա իր արհեստն էր փոխանցում հազարավոր մարդկանց: Հայրս հիմնեց “Կարմիր պարտիզան” արտելը, որտեղ կողովագործություն էր սովորեցնում կույրերին ու հաշմանդամներին”,- հիշում է Շուշանիկ Տոնյանը:
Սկսվում է Հայրենական պատերազմը: Ալեքսան Տոնյանը եւս մեկնում է ռազմաճակատ: Այդ տարիներին ընտանիքի հոգսն ընկնում է մոր եւ ավագ դստեր՝ Շուշանիկի վրա: Վերջինս դպրոցից գալիս էր տուն եւ անմիջապես անցնում աշխատանքի՝ կողովներ էր գործում: Շուտով նա այնքան է հմտանում, որ ոչ միայն գործում է, այլ նաեւ` ուսուցանում:
“Երբ հայրս վերադարձավ պատերազմից, ես արդեն վարպետ կողովագործ էի: Նա ասաց` ինչի՞դ է պետք այս արհեստը, գնա սովորիր, ուսում առ, ասացի՝ ոչ, ես պետք է ավելի կատարելագործվեմ”:
Արհեստին զուգահեռ Շուշանիկը նաեւ բարձրագույն կրթություն ստացավ: Սովորել է Կիրովաբադի մանկավարժական ուսումնարանում, ապա հեռակա՝ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: 36 տարի նա աշխատել է Բանանց գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես տարրական դասարանների ուսուցչուհի:
“Մեր դպրոցի համար ասեղնագործել էի Խորհրդային Միության գերբը , որի վրա գրված էր՝ “Պրոլետարնե՛ր, բոլոր երկրների, միացե՛ք”: Դա տարիներ շարունակ պատվավոր ձեւով կախված էր մեր դպրոցի պատին: Գյուղից դուրս գալու նախորդ գիշերը թաքուն գնացի դպրոց, պատի վրայից իջեցրի կտավը, շրջանակը կոտրեցի, կտավը ծալեցի եւ դուրս եկա, ասացի՝ չպետք է թողնեմ թուրքին: Ահա, հիմա էլ կախված է իմ այս փոքրիկ բնակարանի պատին”,- պատմում է Շ. Տոնյանը:
1988 թվականի դեկտեմբերի 28-ին մի կերպ ծնողներին փախցնում է ադրբեջանցիների ձեռքից եւ բերում Հայաստան, իսկ ինքը վերադառնում է գյուղ, վաճառում տունը, սակայն փողն այդպես էլ չի ստանում: Նրանք տեղավորվում են Աբովյան քաղաքում՝ փախստականներով բնակեցված մի հանրակացարանային շենքում՝ զուրկ նորմալ ապրելու բոլոր պայմաններից: Երկու ամիս անց ծնողները, չդիմանալով այդ ահավոր կորուստներին, վախճանվում են: Եղբայրներն ու քույրերը մեկնում են Ռուսաստան: Հայաստանում Շուշանիկ Տոնյանը մնում է մենակ:
“Բանանցում ես լավ փող էի վաստակում, որով մի գեղեցիկ երկհարկանի տուն էի գնել իմ հորական տան կողքին: Այդ տունը վերանորոգել էի, կահավորել, եւ ժամանակն էր, որ նորմալ ապրեինք ու վայելեինք մեր աշխատանքի պտուղները, բայց, ավաղ...,- Շուշանիկ տատը չի կարողանում զսպել արցունքները, ապա խորը հառաչանքով ավելացնում է,- ախր, ո՞նց կարող է մարդ իր ձեռքով, իր դառը քրտինքով ստեղծած տունն ու ապրուստը մի վայրկյանում ջուրը գցել եւ դատարկ թողնել, դուրս գալ...:”
“Ես նոր միջավայրում էի, որտեղ անտանելի պայմաններ էին, բայց պետք էր գոյատեւել: Նայեցի շուրջս, տեսա, որ այստեղ իմ արհեստի հումքը հանդիսացող ուռենին բավականին տարածված է: Սկսեցի ուռենու շիվեր հավաքել ու գործել: Շուտով իմ աշխատանքները մեծ հետաքրքրություն առաջացրին: Մարդիկ ցանկացան ունենալ դրանցից, եւ ահա, ես սկսեցի բազմաթիվ պատվերներ ստանալ ու այդ ահավոր տարիներին կարողացա գումար վաստակել ու ապրել: Հիմա արդեն ի վիճակի չեմ շատ գործել, դժվարանում եմ, բայց դրա փոխարեն սովորեցնում եմ երիտասարդներին”:
Մեկ տարի առաջ Շուշանիկը դիմեց “Առաքելություն Հայաստան” կազմակերպությանը` խնդրելով մի սենյակ տրամադրել աշակերտների հետ պարապելու համար: Շուշանիկ Տոնյանն արդեն 16 տարի է այդ կազմակերպության խնամքի տակ է: Կազմակերպությունը հատկացրել է մի սենյակ, կահավորել այն, լուծել ջեռուցման հարցերը:
“Այժմ այդ երեխաները հանգիստ տիրապետում են այդ արհեստին, եւ ես վստահ եմ, որ կյանքում դա նրանց շատ պետք կգա: Թող նրանք կրթություն էլ ստանան, մասնագիտություն էլ ձեռք բերեն, բայց կողովագործությանն էլ տիրապետեն: Ինչպես ասում են՝ “Արհեստը կաթ-կաթ աղբյուր է, որ չվարարի, չի էլ կտրվի”“,- ավելացնում է վարպետ Շուշանիկը եւ հպարտությամբ ցույց տալիս իր սաների աշխատանքները:
Շուշանիկ Տոնյանը ունի մի երազանք` լույս ընծայել մի գրքույկ, որտեղ կհիշատակվի հոր՝ կողովագործության մեծ վարպետ Ալեքսան Տոնյանի կատարած աշխատանքների մասին, եւ որը կհանդիսանա ուսուցողական ձեռնարկ բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան տիրապետել այդ նուրբ արհեստին:

Մամիկոնյան Մեծ տիկինը

Փետրվար 26, 2007

Սիրանուշ Մարգարյանն ապրում է Երեւանի Աջափնյակ համայնքի Սիսակյան 4 հասցեում գտնվող վթարային հանրակացարանում իր հինգ որդիների, հարսի եւ թոռան հետ:
Բնակարանը շատ փոքր է, կոմունալ պայմանները գրեթե բացակայում են: Տան ողջ կահավորանքն իրենից ներկայացնում է մի քանի աթոռ, մի փոքր սեղան, չորս մահճակալ, որի վրա հազիվ են տեղավորվում ընտանիքի անդամները, եւ խոհանոցային որոշ սպասք:
48-ամյա Սիրանուշը օր ու գիշեր աշխատում է՝ տանը բլիթներ է պատրաստում, հանձնում խանութներին եւ այդպես վաստակում օրվա հացը: Որպես սոցիալապես անապահով ընտանիքի` նրանց օգնության ձեռք է մեկնում “Առաքելություն Հայաստան” հասարակական կազմակերպությունը, որի բարեգործական ճաշարանից տիկին Սիրանուշը շաբաթվա հինգ օրերին տաք սնունդ է բերում տուն:
Որդիներից միայն երկուսն են չափահաս, մյուս երեքը դեռ դպրոցական են: Գերազանց սովորող այդ երեք երեխաներն ամեն առավոտ մի խնդիր ունեն՝ ի՞նչ հագնել դպրոց գնալու համար: Լավ հագուստը միշտ բաժին է հասնում նրան, ով շուտ է արթնանում, սակայն հաճախ զիջումներ էլ են լինում. օրինակ` եթե այդ օրը տղաներից մեկը մի “կարեւոր” տեղ ունի գնալու, նա ընտրում է ամենահարմար հագուստը, իսկ մյուսները հարմարվում են մնացածներին:
“Կյանքիս իմաստը որդիներս են”,- ասում է տիկին Սիրանուշն ու պատմում նրանց մասին՝ ներկայացնելով յուրաքանչյուրի բնավորությունն ու նախասիրությունները:
Սիրանուշը 22 տարի աշխատել է Կապի եւ տրանսպորտի նախարարությունում, հեռագրավար էր: “Մի անգամ մրցույթ հայտարարվեց ողջ Անդրկովկասի հեռագրավարների: Ինձ ղեկավարությունն առաջարկեց մասնակցել, քանի որ արդեն աչքի ընկնող աշխատող էի: Գրավեցի առաջին տեղը: Դա ինձ համար նոր հաջողության սկիզբը դարձավ. ինձ առաջարկեցին հեռակա կարգով բարձրագույն կրթություն ստանալ: Այդ տարիներին ծանոթացա ապագա ամուսնուս հետ: Ամուսնացանք: 1984 թվականին ծնվեց առաջնեկս՝ Էդգարը: Չորս տարի անց ծնվեց Արթուրը, իսկ 1991 թվականին, երբ ծնվեց երրորդ որդիս՝ Արմանը, ինձ Կապի նախարարությունը, որպես պարտաճանաչ եւ լավ աշխատող, հատկացրեց այս հանրակացարանային բնակարանը, որն այն ժամանակ ընդամենը մեկ սենյակից էր բաղկացած: 1992 թվականին ծնվեց չորրորդ որդիս՝ Արամը”,- հիշում է Սիրանուշը:
Ծանր ժամանակներ սկսվեցին Հայաստանում, եւ նրանց ընտանիքը եւս հայտնվեց դժվարին վիճակում: Ամուսինը ավտոբուսի վարորդ էր, շատ ցածր աշխատավարձ էր ստանում: Գնալով կարիքները շատանում էին, իսկ ընտանեկան լարվածությունը՝ խորանում: Եվ ահա, 1994 թվականին ամուսինը, չդիմանալով սոցիալական խնդիրների ծանրությանը, լքում է ընտանիքը՝ հղի կնոջ ուսերին թողնելով չորս որդիների խնամքը:
“Դա կյանքիս ամենածանր շրջանն էր: Սկզբում ենթագիտակցորեն չծնված որդուս էի մեղադրում իմ դժբախտության համար, կարծում էի, թե եթե նրա գոյությունը չլիներ, ամուսինս մեզ չէր թողնի: Սակայն միշտ իմ կյանքի ամենադժվարին պահերին ինձ բարի մարդիկ են հանդիպել, ովքեր օգնել են հաղթահարել խոչընդոտները: Որդուս ծնվելու ժամանակ՝ այդ դժվարին պահերին, ինձ հետ էր իմ բժիշկը, ով ինձ օգնում էր եւ՛ նյութապես, եւ՛ բարոյապես: Իմ երախտագիտությունը նրան հայտնելու համար որդուս նրա անունով կնքեցի՝ Կարեն: Նրա ծննդյամբ իմ բոլոր տառապանքներն ու ցավերը կարծես ի չիք դարձան: Այժմ չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե չլիներ Կարենը: Որդիներիցս ամենաշատը նրա հետ եմ կապված, նա կարծես իմ ընկերը, իմ խորհրդատուն ու իմ օգնականը լինի”,- պատմում է Սիրանուշը:
Երբ Կարենը ծնվում է, էլ ավելի է ծանրանում նրանց սոցիալական վիճակը: 10 քմ տարածք ունեցող սենյակում վեց հոգանոց ընտանիքը դժվարանում էր ապրել, ուստի տիկին Սիրանուշը, որպես բազմազավակ եւ միայնակ մայր, դիմում է տարբեր պետական կառույցների՝ իրեն հավելյալ սենյակ տրամադրելու համար, սակայն ոչ մի արդյունքի չի հասնում:
“Մի օր որոշեցի հանրապետության նախագահին հեռագիր ուղարկել՝ խնդրելով ընդունել ինձ: Ճիշտն ասած, այնքան էլ հույս չունեի, որ ինչ-որ արձագանք կստանամ, սակայն, ի զարմանս ինձ, մի քանի ժամ անց ստացա պատասխան: Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնել էր հենց հաջորդ օրն ինձ ընդունել: Պատրաստվեցի, հագա ամենագեղեցիկ զգեստս, մազերս հարդարեցի, այն ժամանակ երկար ու գեղեցիկ էին, կարծես իսկական հայուհի լինեի, եւ գնացի նախագահի նստավայր:
Երբ ներս մտա նրա աշխատասենյակ, նա անմիջապես տեղից վեր կացավ, մոտեցավ ինձ, առաջարկեց նստել: Հարցրեց՝ ինչ հարցով եմ եկել: Ներկայացրեցի իմ կարգավիճակը՝ բացատրելով, որ անհնար է այդ պայմաններում հինգ որդի մեծացնել՝ լինելով միայնակ ու անապահով, եւ խնդրեցի, որ իմ սենյակի կից սենյակը եւս տրամադրեն մեզ: Երբ իմացավ, որ Կապի նախարարությունում եմ աշխատում, հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ հարցով դիմել եմ իմ ղեկավարությանը, պատասխանեցի, որ այո՝ դիմել եմ, սակայն մերժել են: Միանգամից վերցրեց հեռախոսն ու զանգեց: Ես քարացած սպասում էի: Սկզբում չէի հասկանում՝ ում է հետ է խոսում, սակայն հետո հասկացա, որ մեր նախարարին է զանգել: Հարցրեց, թե ինչու՞ են իմ խնդրանքը մերժել, հավանաբար մյուս կողմից ինչ-որ պատճառաբանություններ հնչեցին: Հանկարծ ձեռքն ուժեղ խփեց սեղանին, գրասեղանի տուփով գրիչները դուրս թափվեցին, ապա բարձր ձայնով ասաց. “Ես պահանջում եմ, որ այս կնոջ հարցին շտապ լուծում տրվի եւ արդյունքը հաղորդվի”: Հեռախոսը ցած դրեց, ապա հանգիստ ձայնով ինձ ասաց. “Տիկի՛ն, ձեր պահանջը կկատարվի, մի՛ անհանգստացեք”: Քսանչորս ժամ անց այդ սենյակն իմ տրամադրության տակ էր”,- շարունակեց իր պատմությունը Սիրանուշը:
Սիրանուշը նորածին Կարենին հանձնում է ավագ որդու խնամքին, ով հազիվ տասը տարեկան էր, եւ սկսում աշխատել: Աշխատում է՝ որտեղ պատահի. ճաշարանում ափսեներ է լվանում, թխվածքաբլիթներ է թխում, անգամ աշխատում է գիշերները՝ հացի փռում:
2000 թվականից ի վեր առողջական խնդիրների պատճառով նա այլեւս չի աշխատում Կապի նախարարությունում:
“Որդիներս իմ հպարտությունն են, ինձ թվում է՝ ես նրանց ճիշտ եմ դաստիարակել, որովհետեւ, լինելով սոցիալապես անապահով եւ առանց հոր, նրանք երբեք վատ ճանապարհ չեն բռնել:
Հիշում եմ` մի օր Զինկոմիսարիատից մի մարդ եկավ, ավագ որդուս հարցրեց, ասաց՝ ձեր տղան պիտի ծառայի բանակում, ինչու՞ չի ներկայանում Զինկոմիսարիատ: Հետո ի միջի այլոց հարցրեց, թե կարո՞ղ է էլի տղա ունեմ, ասացի՝ այո, դեռ չորսն էլ ունեմ: “Դա շատ լավ է, փաստորեն այս տնից դեռ շատ զինվորներ պիտի տանեմ”,- պատասխանեց նա: Զայրացա եւ ասացի. “Եթե էդքան շատ եք ուզում հինգ զինվոր տանել իմ տնից, երբեւէ հարցնու՞մ եք, թե ես ինչպես պիտի այդ զինվորներին մեծացնեմ, որ տամ ձեզ”: Շատ հուզված էի, եւ այդ մարդը եւս զգացվեց: Վերջում, երբ գնում էր, ասաց. “Դուք Մամիկոնյան Մեծ տիկինն եք”: Դրանից հետո, երբ ինձ հանդիպում էր, ասում էր՝ ինչպե՞ս եք, Մամիկոնյան Տիկին”“,- ասում է Սիրանուշը:
 Ավագ որդին՝ Էդգարը, արդեն ծառայել է բանակում: 2006 թվականին 22-ամյա Էդգարը իր հարսնացուին բերում է տուն: Նույն տարում ծնվեց Սիրանուշի առաջին թոռը:
Հիմա Էդգարն աշխատանք ունի: Ճիշտ է, նա ունի այլ նախասիրություններ՝ գրում է երաժշտություն, բանաստեղծություններ, սակայն գիտակցում է, որ դրանով ընտանիքը չի կարող պահել: Արհեստագործական ուսումնարանում Էդգարը մասնագիտացել է կահույքագործության մեջ եւ այժմ աշխատում է այդ բնագավառում:
Ութ հոգանոց ընտանիքն ապրում է՝ ծայրը ծայրին հասցնելով, սակայն տիկին Սիրանուշը հույս ունի, որ երբ տղաները մեծանան, իրեն թեւ ու թիկունք կլինեն, քանի որ բոլորն էլ տաղանդավոր են ու խելացի: Սակայն կնոջը մի բան է տանջում. երկրորդ որդու` Արթուրի ճակատագիրը: Արթուրը երկու տարեկանից սկսած պարել է եւ խմբով հյուրախաղերի մեկնել մի շարք երկրներ՝ Սիրիա, Հունաստան, ԱՊՀ երկրներ, ԱՄՆ: Նրա ճկուն կառուցվածքն ու բնածին տաղանդն այնքան է հիացրել այդ ոլորտի մասնագետներին, որ նրանք մեծ ապագա են գուշակել Արթուրի համար: Ութերորդ դասարանից նա դպրոցը թողել է եւ ընդունվել պարի ուսումնարան:
Ուսումնարանում սովորելու տարիներին Արթուրը գնալով ավելի լռակյաց ու տխուր է դառնում: Մայրը չի հասկանում նրա տխրության պատճառը, սակայն զգում է, որ նա աստիճանաբար ավելի ու ավելի անտարբեր է դառնում պարի նկատմամբ: Եվ մի օր (երբ արդեն պիտի ավարտեր ուսումնարանը) մորը հայտնում է, թե ինքն այլեւս չի ուզում շարունակել պարը:
“Դա ինձ համար մեծ հարված էր, սակայն ես հասկանում էի, որ տղան հիասթափված է սոցիալական անհավասարությունից եւ միջավայրից, որտեղ դա նրան զգացնել էին տալիս: Արթուրը հայտնվել էր հոգեբանական ծայրահեղ լարված վիճակում, ես անգամ նրա մոտ չէի բացում այն ալբոմը, որտեղ ամփոփված են նրա լուսանկարները՝ աշխարհի տարբեր երկրներում անցկացրած հյուրախաղերից”,- տխուր պատմում է տիկին Սիրանուշն ու շարունակում:- Երբ հյուրախաղերով մեկնել էին ԱՄՆ, Արթուրը ութ տարեկան էր: Ութ ամիս մնացին այնտեղ: Այդ ընթացքում երեխաներից յուրաքանչյուրին մի ընտանիք վերցրել է եւ պահել: Արթուրին վերցրել են մեծահարուստ ամուսիններ, ովքեր երեխաներ չեն ունեցել: Վերջում նրանք խմբի ղեկավարին հարցրել են, թե հնարավո՞ր է տղային որդեգրել: Վերջինս, իհարկե, մերժել է: Հիմա մտածում եմ` տեսնես ինչպե՞ս դասավորված կլիներ Արթուրի կյանքը, եթե նա մնար ԱՄՆ-ում: Միգուցե նա հիմա հանրահայտ պարող էր”,- ասում է Սիրանուշը:

Մանկատան Սվետլանան բնակարանի օրինական ժառանգն է

Մայիս 28, 2007

13-ամյա Սվետլանան արդեն հինգ տարի է Գավառի մանկատանն է: Նրա մայրը՝ Քնարիկ Անտոնյանը, տառապել է հոգեկան հիվանդությամբ: Նա Սվետլանային հանձնել է մանկատուն, քանի որ 2002 թվականին առողջական վիճակը վատացել է, եւ նրան տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա: Վերականգնվելուց հետո նա պարբերաբար այցելել է աղջկան, սակայն 2006 թ. կրկին տեղափոխվել է հոգեբուժարան, որտեղ էլ նույն թվականի օգոստոսի 5-ին մահացել է:
Ո՞վ է Սվետլանայի հայրը, ոչ ոք չգիտի: Սվետլանան ապրել է մոր, տատի եւ մորեղբոր հետ Չարենցավանի առաջին թաղամասի 10 հասցեում: Մորեղբայրը՝ Հայկ Անտոնյանը, եւս տառապել է հոգեկան հիվանդությամբ եւ մահացել է 2007 թ. մարտի 7-ին:
Քնարիկն ու Հայկը 2004 թվականից ընդգրկված են եղել “Առաքելություն Հայաստան” բարեգործական հասարակական կազմակերպության Հրազդանի մասնաճյուղի շահառուների կազմում եւ օգտվել կազմակերպության բարեգործական ճաշարանից:
“Երբ Հայկ Անտոնյանը մահացել է, մոր ազգական Հրաչ Անտոնյանը դիմել է Չարենցավանի նոտարական գրասենյակ եւ, ոչինչ չասելով Սվետլանայի գոյության մասին, հայտնել, որ իրենք Հայկի հարազատներն են, իսկ մինչ այդ այցելել է մանկատուն, սակայն մանկատան ղեկավարությանը եւս չի հայտնել, որ Սվետլանան տան ժառանգորդ Է,- պատմում է կազմակերպության սոցիալական աշխատող Մագդա Խչոյանը:- Ուսումնասիրելով Հայկի տան փաստաթղթերը՝ մենք պարզեցինք, որ այնտեղ գրանցված են նաեւ Քնարիկն ու Սվետլանան: Շտապ դիմեցինք նոտարական գրասենյակ եւ, հայտնելով աղջկա գոյության մասին, խնդրեցինք ժամանակ տալ մեզ՝ պարզելու նրա գտնվելու վայրը: Տեղեկանալով, որ Սվետլանան գտնվում է Գավառի մանկատանը, մենք այցելեցինք մանկատուն եւ աղջկա հետ միասին ներկայանալով Չարենցավանի նոտարական գրասենյակ՝ բացեցինք Սվետլանայի ժառանգությունը”:
Սակայն, բացի Հայկ Անտոնյանի բնակարանից, Քնարիկը ունեցել է նաեւ այլ բնակարան Չարենցավանի 4-րդ թաղամասի 23 հասցեում, եւ նրա անձնագրում նշված է այդ հասցեն:
“Երբ Քնարիկի առողջական վիճակը վատացել է, եւ նա տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան, այդ ընթացքում, առանց նրա իմացության, նրա բնակարանը վաճառվել է: Մենք այժմ չենք կարող ասել, թե դա ում ձեռքով է կատարվել՝ բարեկամների՞, թե տեղական ինքնակառավարման մարմինների, սակայն փաստ է, որ Քնարիկի ձեռքից բնակարանն անօրինական ճանապարհով խլել են: Ինձ հարեւանները պատմում էին, որ Քնարիկի առողջական վիճակը հիմնականում դրա պատճառով է վատացել, որի հետեւանքով էլ նա վախճանվել է Նուբարաշենի հոգեբուժարանում”,- ասում է Մագդա Խչոյանը:
Այցելելով Գավառի մանկատուն՝ մենք զրուցեցինք ինչպես Սվետլանայի, այնպես էլ մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի հետ: Վերջինս հավաստիացրեց, որ իրենք ամեն ինչ կանեն Սվետլանայի օրինական հասանելիքը նրան վերադարձնելու համար, ինչպես նաեւ հետամուտ կլինեն, որպեսզի Սվետլանան ստանա փոխհատուցում մոր բնակարանի անօրինական կորստի համար:
Սվետլանան մեզ պատմեց, որ ինքը շատ չի ապրել մոր տանը, քանի որ իրեն խնամել է տատը, որն ապրել է քեռու՝ Հայկի հետ. “Էդ տան գլխին մի մարդ կար կանգնած,- պատմում է Սվետլանան,- ինքն էր զբաղվում տան հարցերով: Ինչքան հիշում եմ՝ անունը Նվեր էր: Մեր բարեկամներից էր: Ես մեր բարեկամներին գրեթե չեմ տեսել, նրանց չեմ հիշում: Վերջերս էլ մի մարդ ու կին էին եկել էստեղ, ասում էին, որ իմ քեռին ու քեռակինն են՝ Հրաչ ու Ալվարդ: Ես իրենց առաջ չեմ տեսել: Բայց երեւի մամայի բարեկամներն են”:
Մենք փորձեցինք կապվել Հրաչ Անտոնյանի հետ՝ պարզելու, թե նա ինչով կհիմնավորի իր արարքը՝ Չարենցավանի նոտարական գրասենյակում Սվետլանայի գոյության, իսկ Գավառի մանկատանը նրա՝ ժառանգություն ստանալու իրավունքի մասին լռելու վերաբերյալ, սակայն մեզ հայտնեցին, որ Հրաչ Անտոնյանն իր կնոջ հետ մեկնել է Իտալիա՝ որդու մոտ: Մենք խոսեցինք Հրաչի դստեր հետ։ Ի դեպ, նա ասաց, որ Սվետլանային տեսել է միայն փոքր ժամանակ:
Այս տարվա օգոստոսի 1-ին կլրանա Սվետլանայի տասնչորս տարին, իսկ օգոստոսի 5-ին տեղի կունենա ժառանգության դատը, եւ Սվետլանան կդառնա բնակարանի օրինական ժառանգորդը:

Ժամանակավոր ապաստան հայցողների թիվն օրըստօրե մեծանում է

Հունիս 25, 2007

Երեւանի Կուզնեցով 2 հասցեում վարձով բնակվում է Մեսրոփյանների ընտանիքը, որը Հայաստան է ներգաղթել 2006 թ. օգոստոսի 14-ին Իրաքի Բասրա քաղաքից: Ամուսինը՝ Արծրունը, կինը՝ Զեփյուռը, ու երեք զավակները՝ Շահենը, Սալբին ու Նորան, Երեւանում ոչ մի զբաղմունք չունեն: Արծրունը բարձրակարգ մասնագետ է եւ տարիներ շարունակ աշխատել է Բասրայի ապահովագրական ընկերություններից մեկում՝ որպես տնտեսագետ-հաշվապահ: Շահենը 32 տարեկան է, մասնագիտությամբ` էլեկտրիկ: Նա աշխատել է Բասրայում գործող անգլիական միջազգային մի կազմակերպությունում, որի պատճառով տեղացի ազգայնամոլները նրան բազմիցս սպառնացել են, անգամ մահափորձ կատարել: Սալբին 29 տարեկան է, բիզնես-մենեջմենթի մասնագետ, իսկ Նորան՝ կրտսեր դուստրը, ծրագրավորող է: Հայաստանում նրանց մերժում են աշխատանքի ընդունել՝ պատճառաբանելով ռուսերենի չիմացությունը:
“Մեր նախնիները ներգաղթել են Իրաք 1924 թվականին Արեւմտյան Հայաստանից՝ հիմնելով Հավրեզ գավառը,- պատմում է Արծրունը:- Իմ ընտանիքը եւս այդ գավառում էր ապրում, սակայն 1956 թվականին ես տեղափոխվեցի Բասրա, այնտեղ ուսում առա, ընտանիք կազմեցի եւ հաստատվեցի: Բասրայում կար մոտ 250 հայկական ընտանիք, սակայն այժմ երեւի 20-25 ընտանիք է մնացել: Մենք շատ ամուր էինք պահում մեր ավանդույթները, ունեինք հարուստ հայկական եկեղեցի, հայկական ակումբ, սակայն դրանք այժմ չեն գործում: Այդ տարիների ընթացքում գրեթե չի եղել դեպք, երբ հայ աղջիկը կամ տղան ամուսնանան օտարի հետ՝ չնայած որ մենք ապրում էինք նրանց հողում: Մենք սրբորեն պահել ենք մեր հավատը, լեզուն ու եկեղեցին”:
Մեսրոփյանների ընտանիքն իր հետ Բասրայից ոչինչ չի բերել, անգամ թույլ չեն տվել վաճառել տունն ու ավտոմեքենան: Նրանք միայն կարողացել են որոշ խնայած գումար բերել, որն էլ այժմ ծախսում են բնակարանի վարձավճարի եւ օրվա հացի վրա:
“Շատ գեղեցիկ առանձնատուն ունեինք, լավ ավտոմեքենա: Մեր գործերն այնտեղ լավ էին,- պատմում է Արծրունը:- Իսկ ամենակարեւորն այն է, որ մենք բարձր պատիվ ունեինք, եւ մեր ընտանիքը շատ հարգված էր: Սակայն Բասրայի ազգայնամոլ շիաների համար այդ ամենը ոչ մի նշանակություն չուներ: Վերջին երկու տարիներին բոլոր հայերին սպառնում էին, ստիպում լքել տներն ու հեռանալ: Մեր աղջիկներն արդեն վախենում էին մենակ տնից դուրս գալ: Ի վերջո, վիճակն այնքան ծայրահեղ դարձավ, որ մենք թողեցինք եւ՛ տունը, եւ՛ մեր ունեցվածքն ու եկանք Հայաստան: Ճիշտ է, ուրախ ենք, որ մեր հայրենիքում ենք, եւ այստեղ մեզ վտանգ չի սպառնում, սակայն այսպիսի գործազուրկ ու անտուն վիճակում մենք երկար գոյատեւել չենք կարող: Պետք է ինչ-որ կերպ մեր վիճակը կարգավորվի”,- ասում է Արծրունը:
Նույն կարգավիճակում է նաեւ Սեթրակ Սիմոնյանի ընտանիքը, որը Հայաստան է գաղթել 2005 թվականին: Նրանք բնակվել են Բաղդադում, որտեղ Սեթրակն ունեցել է աղյուսագործական ֆաբրիկա։ Նրանք եւս Հայաստան են եկել դատարկաձեռն ու այժմ ապրում են խնայողությունների հաշվին: Սեթրակը, կինը՝ Մարիամն, ու երկու անչափահաս դուստրերը՝ Սիլվան ու Սեզան, ապրում են Արաբկիր համայնքում՝ վարձով:
“Մենք շատ լուրջ խնդիր ունեինք՝ կապված մեր աղջկա առողջության հետ,-պատմում է Սեթրակը,- սակայն ոչ օրենք գիտեինք, ոչ էլ գիտեինք՝ ում դիմել: Բարեբախտաբար, մեր խնդիրներով սկսեց զբաղվել “Առաքելություն Հայաստան” կազմակերպությունը, որի սոցիալական աշխատողը մեզ օգնեց դուրս գալ անելանելի վիճակից”:
Սեթրակի ավագ դուստրը` Սիլվան, մանկուց տառապում է էպիլեպսիայով եւ անընդհատ բժշկի հսկողության տակ էր Բաղդադում:
“Սեթրակի հետ միասին սկսեցինք հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը եւ այցելել համապատասխան կառույցներ,- պատմում է սոցիալական աշխատող-հոգեբան Արուսիկ Սարգսյանը:- Երբեմն խնդիրներ էին առաջանում, եւ անգամ անբարյացակամ վերաբերմունք էր դրսեւորվում, քանի որ շատ կառույցներում տեղյակ չէին ժամանակավոր ապաստան հայցողների իրավունքների մասին, սակայն մենք նրանց տեղեկացնում էինք գործող օրենսդրական ակտերի եւ որոշումների մասին, եւ հարցը մի կերպ կարգավորվում էր”:
Սիլվայի համար ձեռք է բերվել մանկուց հաշմանդամի կարգավիճակ, եւ նա հերթագրվել է համապատասխան բուժհաստատությունում՝ օգտվելով անվճար դեղորայք ստանալու իրավունքից: Սակայն Սիլվային հաշմանդամության թոշակ նշանակելու հարցում առաջացել են լուրջ խոչընդոտներ, քանի որ օրենքով չի նախատեսվում նման աջակցություն ՀՀ-ում ժամանակավոր ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձանց:
Հայաստանում ժամանակավոր ապաստան հայցող իրաքահայերը, բացի գործազրկությունից, նյութական ծանր վիճակից, օրենսդրական դաշտի անիրազեկությունից, լեզվական եւ այլ խնդիրներից, ունեն նաեւ մեկ այլ խնդիր, որն այսօր արդեն հրատապ է. բանն այն է, որ շատերի անձնագրերի ժամկետն արդեն լրանում է, իսկ վերջերս էլ Իրաքում փոխվել է նաեւ անձնագրի ձեւը: Իրաքահայերը եւս պետք է ձեռք բերեն նոր անձնագրեր, սակայն Իրաք մեկնել նրանք չեն կարող, քանի որ ֆինանսական խնդիրներ ունեն, բացի այդ` չեն ուզում վտանգել իրենց կյանքը, իսկ Հայաստանում գոյություն չունի Իրաքի դեսպանատուն, որի միջոցով կարողանան հարցը կարգավորել: “ Հայաստանում ժամանակավոր ապաստան հայցող իրաքահայերի խորհուրդը մեր աջակցությամբ նամակ է հղել Մոսկվայում Իրաքի դեսպանատուն՝ խնդրելով լուծել այս հարցը: Դեսպանատունը դրական պատասխան է ուղարկել՝ նշելով, որ անձնագրերը կարող են ուղարկվել եւ երկարացվել կամ նորացվել՝ առանց անձնագրի տիրոջ ներկայության: Մենք դիմեցինք նաեւ ՀՀ ա րտաքին գործերի նախարարություն, որպեսզի վերջինս այդ գործընթացն իրականացնի Մոսկվայում Հայաստանի դեսպանատան միջոցով՝ հույս ունենալով, որ այդպես խնդիրն ավելի լուրջ եւ հետեւողական լուծում կստանա,- ասում է “Առաքելություն Հայաստան” ՀԿ-ի սոցիալ-առողջապահական բաժնի պատասխանատու Տանյա Դաշյանը:
Հայաստանում ներկայումս կան ժամանակավոր ապաստան հայցող ավելի քան 300 իրաքահայեր, ովքեր Հայաստան են ներգաղթել Իրաքում տիրող քաղաքական լարված վիճակի պատճառով: Սակայն, պակաս ծանր չէ նրանց կարգավիճակը նաեւ Հայաստանում, քանի որ գոյություն չունի հստակ օրենսդրական դաշտ, որը լուծում կտա ժամանակավոր ապաստան հայցողների խնդիրներին Հայաստանում:
Ճիշտ է, դրանցով առայժմ զբաղվում են մի քանի հասարակական կազմակերպություններ, սակայն նրանք չեն կարող ստանձնել հիմնախնդիրների ամբողջական լուծումը:
2006 թվականի հունիսի 1-ից մինչեւ այս տարվա հունիսի 1-ը ՀՀ-ում Փախստականների դանիական խորհրդի աջակցությամբ իրականացվել է ապաստան հայցող անձանց հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագիր: Ծրագիրն իրականացվել է երեք կազմակերպությունների համատեղ համագործակցության միջոցով, որոնք են՝ “Հայաստանի Կարմիր խաչ” ընկերությունը, “Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ն եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան:
Ծրագրի նպատակն էր հոգալ ապաստանային խնդիրներն ու ապաստան հայցողների կարիքները, ինչպես նաեւ բարելավել ու բարձրացնել հանրային իրազեկվածությունը: Ծրագիրն ավա րտվել է, սակայն “Առաքելություն Հայաստանը” դեռեւս շարունակում է շուրջ 300 իրաքահայ շահառուի մատուցել հետեւյալ ծառայությունները՝ սոցիալ-հոգեբանական աջակցություն, ՀՀ-ում գործող օրենքների եւ իրենց իրավունքների մասին տեղեկատվության տրամադրում, սոցիալական աջակցության համակարգից օգտվելու կարգի եւ գործընթացի լուսաբանում, համագործակցում ՏԻՄ-երի, պետական եւ հասարակական այլ կառույցների հետ, մշակութային ուղղվածության էքսկուրսիաների կազմակերպում եւ այլն:
“Հասարակական կառույցների կողմից կատարված եւ կատարվելիք աշխատանքներն, անշուշտ, կնպաստեն ժամանակավոր ապաստան հայցողների կարիքների մեղմացմանն ու որոշակի խնդիրների լուծմանը: Սակայն նրանց գլխավոր խնդիրները՝ գործազրկությունը, անիրազեկությունը ՀՀ-ում գործող օրենքների եւ սեփական իրավունքների մասին, շահերի եւ իրավունքների ոտնահարումը տարբեր կառույցներում, լեզվական խոչընդոտներն ու սոցիալ-տնտեսական պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը, պահանջում են պետական մոտեցում եւ հստակ օրենսդրական դաշտ, հատկապես, որ ներգաղթողների թիվը Հայաստան գնալով մեծանում է”,- ասում է “Առաքելություն Հայաստան” ՀԿ-ի սոցիալ-առողջապահական բաժնի պատասխանատու Տանյա Դաշյանը:

Անի Գասպարյան

                                        

Նախագահի ուղերձը

Մենք եւ մեր շահառուները ( ֆիլմ )...

Առաքելություն Հայաստան համառոտ ակնարկ




Այցելուների քանակ
25808


Follow MissionArmenia on Twitter    MissionArmenia on Facebook