Ուրբաթ, Սեպտեմբերի 10, 2010
|
|
Նախագահի ուղերձը
Սիրելի՛ բարեկամ,
«Առաքելություն Հայաստան» բարեգործական
հասարակական կազմակերպությունն արդեն 20 տարեկան է:
Որդեգրելով կարիքավոր մարդկանց աջակցելու
առաքելությունը՝ մենք այսօր հպարտորեն կարող ենք նշել, որ այս երկար տարիների
ընթացքում ներդրել ենք բոլոր ջանքերն այն կյանքի կոչելու համար:
Մեր անձնազոհ նվիրումը ո'չ
միայն աջակցել է հազարավոր մարդկանց, այլեւ իմաստալից ու արգասաբեր է եղել հենց
մե՛զ համար. մարդու կերպին ու կոչումին արժանի գործով զբաղվելու, աղքատից աղքատին
անշահախնդրորեն աջակցելու այս առաքելությունը հոգեպես հարստացրել եւ հասունացրել է
մեզ:
1988թ աղետալի երկրաշարժից ու պատերազմից տուժած հայրենակիցներին օգնելու անկեղծ
մղումով միավորված մի խումբ նվիրյալներ խիզախությամբ, երբեք չերկնչելով ո՛չ
ֆինանսական, ո՛չ հոգեբանական եւ ո՛չ էլ համակարգային բազում, երբեմն էլ՝ անլուծելի
խոչընդոտներից, ամենօրյա հետեւողական աշխատանքով կարողացան ստեղծել սոցիալական
ծառայությունների մի ողջ կայսրություն:
Այսօր մենք հպարտ ենք, որ մեր ինքնաբուխ
գործունեությունը վերաճել է ՀՀ սոցիալական աջակցության բնագավառում սոցիալական
ծառայությունների մատուցման փորձառությամբ ու գիտելիքներով իր բացառիկ տեղն ունեցող
հզոր հաարակական կառույցի:
Կազմակերպությունը հազարավոր միայնակ տարեցների,
հաշմանդամների, փախստականների եւ շատ ու շատ այլ անապահով անձանց համար դարձել է
հույսի եւ ապահովության ուրույն հանգրվան:
ԱՀ ԲՀԿ կառույցները տարիների ընթացքում բազմիցս
ապացուցել են իրենց անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը եւ, որ
ամենակարեւորն է, արժանացել են կարիքավոր մարդկանց օրհնանքին, ինչպես նաեւ
ամենաբարձր գնահատանքի իշխանությունների կողմից:
Մենք կոչ ենք անում Ձեզ եւս մասնակից դառնալ այս
մեծ առաքելությանը՝ հրավիրելով սերտ համագործակցության մեր ժողովրդի առավել
անապահով զավակներին սատար կանգնելու գործում:
Վստահ եմ, որ մեր փորձառությունն ու գիտելիքները,
զուգակցվելով Ձեր եռանդի հետ, կարող են հրաշքներ գործել:
Հռիփսիմե Կիրակոսյան
ԱՀ ԲՀԿ նախագահ
|
| |