Կիրակի, Փետրվարի 5, 2012





Հաջողված պատմություններ

Հաջողված պատմություններ

«Զարգացնենք համայնքը՝ միավորելով ջանքերը. Երեւանի Կոմիտաս 49/4 հասցեում գտնվող համայնքային կենտրոնի վերանորոգումը»
«Ես երբեւէ չէի պատկերացնի…»
«Թվում էր՝ ամեն ինչ ավարտված է իմ կյանքում…»
Նրանք ստացան ապաստան...
Նախկինում այդպես չէր
Վերանորոգված տունը եւ վերսկսված կյանքը
Նոր շունչ Հռիփսիմեին
Ամանորի նվերը
Վերականգնված առողջությունը
Սիրալիր կին Էլբիսը
«Ինքնօգնությունը լավագույն օգնությունն է»
«Դուք եկաք ինձ փրկելու իմ կյանքի մայրամուտին»

Զարգացնենք համայնքը՝ միավորելով ջանքերը. Երեւանի Կոմիտաս 49/4 հասցեում գտնվող համայնքային կենտրոնի վերանորոգումը

    «Այս ծրագրի շնորհիվ մենք հասկացանք, որ միասին կարող ենք կերտել իրական փոփոխություններ »,- սրանք Շահեն Զախարովի խոսքերն են, որն ավելի քան 15 տարի Երեւանի` Կոմիտաս 49/4 հասցեում գտնվող համայնքային կենտրոնի 190 բնակիչներից մեկն է: Այս շենքը կառուցվել է 1973թ.-ին, որից հետո այն երբեւէ չի վերականգնվել:
Շենքն ամբողջությամբ անհուսալի վիճակում էր: Տանիքը կաթում էր, վերին հարկերի բնակարանների դռներն ու պատուհանները կա՛մ ջարդված էին, կա՛մ գողացված, միջանցքները եւ աստիճանները սարսափելի վիճակում էին, իսկ խմելու ջրի եւ կոյուղու համակարգերն՝ անսարք:


    Համայնքային կենտրոնի բնակիչների ճնշող մեծամասնությունը (190 բնակչից 157-ը) Բաքվից Երեւան է գաղթել 1989-1991թթ.՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լարված շրջանում: Նրանք կազմեցին մեր երկրի բնակիչների ամենախոցելի խումբը եւ ի վիճակի չէին հոգալ նույնիսկ իրենց առաջնային կարիքները: Նրանք աջակցության համար պարբերաբար դիմել էին տարբեր պետական եւ մարդասիրական կառույցների, սակայն որեւէ արդյունքի չէին հասել:


    2004թ. ամռանը «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն սկսեց «Համայնքային կենտրոնների վերականգնման» նախագիծը, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ-ի պետքարտուղարության բնակչության, փախստականների եւ միգրացիայի գրասենյակի, «Փրկենք երեխաներին» հայաստանյան գրասենյակի կողմից: Այն նպատակ ուներ բարելավել երեխաների, կանանց եւ նրանց ընտանիքների ապրուստի պայմանները՝ շենքի կայուն եւ որակյալ վերանորոգման միջոցով եւ նպաստել համայնքի զարգացմանը: Այս նախագծի նպատակները կարգավորված էին ԱՀՌԾ-ով, որն առաջնային էր դասել՝ ժամանակավոր կացարաններում բնակվող մարդկանց ապրուստի պայմանները, ինչպես նաեւ նրանց ներգրավումը այդ աշխատանքներում: Այս նախագիծը ակնհայտորեն ամենահաջողված նախագծերից մեկն է, ի շնորհիվ համայնքի խանդավառության, որի միջոցով իրենք՝ որպես ամբողջություն, ձեռք բերեցին շենքի որոշակի սեփականատիրության իրավունք: Նախագծի համար սկզբնական շրջանում ընտրված ութ շենքերի հետ 2005թ. մարտից նախագծում ընդգրկվեց Կոմիտաս 49/4 հասցեում գտնվող համայնքային կենտրոնը:


    Համաձայն նախագծի նպատակների, 7 հոգուց բաղկացած համայնքի գործողության խումբը, ձեւավորվել էր համայնքի ակտիվ անդամներից՝ կազմակերպելու եւ կառավարելու նախագծի գործունեությունը: 28 խոցելի բնակիչներին ապահովեցին ժամանակավոր աշխատանքով՝ նրանց ընդգրկելով ապրիլին սկսված վերանորոգման աշխատանքներում: Ինչպես նախատեսված էր նախագծում, համայնքը ունեցավ իր նշանակալի ներդրումը աշխատանքներում՝ փոխհատուցելով նախագծի ծախսի 18 %-ից ավելին: Արդյունքում, ամբողջությամբ փոխվեց շենքի տանիքը, միջանցքները, աստիճանները, վերանորոգվեցին եւ ներկվեցին դռներն ու պատուհանները, մոնտաժվեցին էլեկտրական լարերն, անցկացվեցին ջրի եւ կոյուղու խողովակները:


    Այս նախագիծը հաջողություն ունեցավ ի շնորհիվ համայնքի ակտիվ մասնակցության. ներդրվեցին միացյալ ջանքեր՝ աշխատանքներին աջակցելու նպատակով: Իրականացված վերանորոգումները մեծ դեր ունեցան այս մարդկանց կյանքում ապագայի նկատմամբ իրենց վերաբերմունքը փոխելու հարցում: Վերին հարկերի բնակիչները վերջապես վերանորոգեցին բնակարանների առաստաղներն ու պատերը, ազատվեցին խոնավությունից, որը հավերժական էր թվում մինչ տանիքի վերանորոգումը: Այժմ բնակիչներն էլ կարող են ապահով օգտագործել խմելու ջուրը եւ կոյուղու համակարգը:


    Շահենն ասում է. «Ես մասնակցել եմ չորրորդ եւ հինգերորդ հարկերի վերանորոգմանը եւ ստացել եմ դրա դիմաց աշխատավարձ: Իմիջիայլոց, դուք տեսե՞լ եք միջանցքների պատերի գույնը: Դրանք ես եմ ընտրել: Այս աշխատանքը նպաստեց համայնքի միավորմանը, եւ ես ուրախ եմ, որ ներդրում եմ ունեցել դրանում»:
Դիմելով վերանորոգված շենքի բնակիչներին՝ Սարջ Չիվերը՝ ԱՄՆ պետքարտուղարության բնակչության, փախստականների եւ միգրացիայի տարածքային ներկայացուցիչն, ասաց,- «Սա ձեր նախագիծն է, եւ այն իրականացվել է ձեր համատեղ ջանքերի արդյունքում: Ամենակարեւորն այն է, որ դուք բավականին լավ աշխատեցիք՝ այն իրականացնելու համար: Դուք այն արել եք ձեզ համար»: Պարոն Չիվերը նաեւ նշեց, որ նախագիծն ամենահաջողվածներից է՝ ի շնորհիվ համայնքի խանդավառության, որի միջոցով իրենք շենքի որոշակի սեփականատիրության իրավունք ձեռք բերեցին:


    «Փրկենք երեխաներին» հայաստանյան ներկայացուցիչ՝ Իրինա Սաղոյանն էլ ասաց. «Այս նախագծի հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ վերանորոգումը կատարվեց շատ արագ եւ լավ՝ ի շնորհիվ համայնքի ակտիվ մասնակցության»:
«Դրական արդյունքի հասնելու միակ տարբերակը համայնքի ջանքերը միավորելն էր»,- ավելացրեց «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Հ. Կիրակոսյանը: ԱՄՆ դեսպանատան, «Փրկենք երեխաներին» հայաստանյան ներկայացուցչության, «Առաքելություն Հայաստանի եւ շահառուների խոսքերն ապացուցեցին այն փաստը, որ համայնքային համագործակցությունը եւ համատեղ ջանքերը հիմնական նախապայմաններն են համայնքի զարգացման գործում:
2005թ. հունիս

«Ես երբեւէ չէի պատկերացնի, որ…»
    Այս տարեցները՝ Լեւոն եւ Թամարա Մկրտչյանները, որոնք իրենց կյանքի մայրամուտն էին ապրում, ողջունեցին մեզ մեծագույն հուզմունքով: Իրենց երկու սենյականոց բնակարանն ավիրված վիճակում էր: Սեփականատերերից մենք իմացանք, որ մի քանի տարի առաջ իրենք փորձել են վերանորոգել բնակարանը: Արդեն իսկ ավիրված բնակարանը քանդել էին անազնիվ բանվորները: Ավելին, Մկրտչյանները կրել էին ֆինանսական կորուստներ: Տարեցների խոսքերով արդեն 10 տարի է, ինչ նրանց բնակարանն անհուսալի վիճակում է:


   Վերանորոգման աշխատանքներն սկսելուց հետո, վերանորոգման խումբը պարբերաբար դժվարությունների էր հանդիպել: Գրեթե բոլոր էլեկտրական լարերը փոխվեցին, առաստաղն ամբողջությամբ վերանորոգվեց, եւ ջրի խողովակները նույնպես մասամբ փոխվեցին: Վերանորոգման ընթացքում կարելի էր նկատել տարեցներից մեկին, որը նստում էր բնակարանի անկյունում եւ արցունքներն աչքերին ժպտում: Երբ խումբն արդեն հեռանում էր, Լեւոն պապիկն ասաց. «Ես 94 տարեկան եմ, եւ իմ կյանքում տեսել եմ թե՛ բարություն եւ թե՛ չարիք: Սակայն այսպիսի բարիք անգամ չէի էլ պատկերացնի»…

Նախքան վերանորոգումը Վերանորոգումից հետո



«Թվում էր՝ ամեն ինչ արդեն ավարտված է իմ կյանքում…»
Երբ մեր աշխատանքային խումբը մտավ Ֆիլոր Մանուկյանի՝ համայնքային կենտրոնում գտնվող սենյակը եւ սկսեց չափումներ վերցնել, հուզմունքով նա պատմեց իր ընտանիքի տխուր պատմությունը: Կինն ու աղջիկը զոհվել էին 1988թ.-ի երկրաշարժի, իսկ տղան սպանվել էր Ղարաբաղյան պատերազմի ժամանակ:
Այդ դեպքերից հետո նա տեղափոխվել էր Երեւան եւ հաստատվել համայնքային կենտրոնի սենյակներից մեկում: Այդ սենյակը գրեթե քանդված էր: Պատերի եւ առաստաղի ծեփն ամբողջությամբ թափվել էր, ջրմուղ խողովակներ եւ ջրի ծորակներ չկային: Նույնիսկ մուտքի դուռը ջարդված էր: Աշխատանքը վերանորոգման խմբի համար շատ դժվար էր: Այնուամենայնիվ, դժվարությունները հաղթահարված էին՝ ի շնորհիվ վերականգնողների համառ եւ անձնուրաց աշխատանքի: Երբ աշխատանքներն ավարտվեցին, շահառուն խոստովանեց. «Թվում էր, թե ամեն ինչ արդեն ավարտված է իմ կյանքում»:

Նախքան վերանորոգումը Վերանորոգումից հետո



Նրանք ստացան ապաստան…
«Շնորհակալ եմ ձեզանից, դուք բարի մարդիկ եք»: Սա այն նամակի սկիզբն է, որն ուղարկել էր Մարիա Ասլանովան՝ Բաքվից գաղթած մի 91-ամյա փախստական, «Նովոյե Վրեմյա» պարբերականի խմբագրություն եւ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ: Թերեւս, հետաքրքիր է՝ ինչու՞ է այս կինը, որն իր մասնագիտությամբ վառելիքի արդյունաբերության տեխնոլոգ է, հեղինակել է բուհական դասագրքեր, տարբեր մեդալներ եւ պարգեւներ ունի, երկու տղաների հետ զրկվել կացարան ունենալուց: Երբ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի աշխատակիցներն առաջին անգամ այցելեցին Մարիային, նա պառկած էր մետաղյա մահճակալի մեջ՝ շուրջ բոլորը աղբով պատված: Ինչպե՞ս էր դա պատահել: Ահա նրա պատմությունը. տիկին Ասլանովան, որը մի ժամանակ ադրբեջանական արհմիության հայտնի ղեկավար էր, դարձավ 1990թ. Ադրբեջանում հայերի դեմ ուղղված հայտնի իրադարձությունների զոհը: Բաքվում ծանոթների միջոցով 97-ամյա մոր հետ նա կարողացավ նավակով դուրս գալ երկրից: Նրանք ժամանեցին Կրասնովոդսկ, Թուրքմենստան, իսկ հետո եկան Հայաստան, որտեղ ապրեցին տարբեր հանրակացարաններում եւ առողջարաններում, մինչեւ որ կարողացան հաստատվել Երեւանում՝ իրենց տանը: Թվում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, սակայն շուտով նրանք կորցրին իրենց տունը, եւ ստիպված էին թափառել մի տեղից մյուսը՝ ապրելու վայր փնտրելով: Արդյունքում, 2004թ. հունվարից սկսած, Մարիան և նրա երկու որդիները (տղաները գտնվում էին նախկին ԽՍՀՄ տարբեր քաղաքներում, որտեղ նրանք անցկացրել էին մի քանի տարի՝ աշխատանք փնտրելով) ստիպված էին մնալ կիսավեր վթարային շենքում, որը չուներ ո՛չ դուռ, ո՛չ էլ պատուհաններ:

      «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ աշխատակիցները տեղեկացել էին այս դժբախտ մարդկանց մասին «Նովոյե Վրեմյա» թերթում տպագրված հոդվածից եւ շտապել օգնության ձեռք մեկնել:
Մարիային տեղափոխեցին կազմակերպության առողջության վերականգնողական կենտրոն: Տարեց կինն իր նամակում գրում է. «Սա այն էր, ինչն ինձ անհրաժեշտ էր առաջին հերթին: Նրանք ինձ ջերմությամբ եւ քնքշորեն ընդունեցին, եւ պառկեցրին կոկիկ սենյակում՝ սպիտակաձյուն անկողնու մեջ, եւ ես առաջին անգամ ինձ մարդ զգացի երկար տարիներ անց: Միակ բանը, որ ինձ հարկավոր էր լիարժեք ուրախության համար, լավ գիրքն էր»:
Այս պատմությունն ունի երջանիկ ավարտ: Բարեբախտաբար, շուտով, այս մարդկանց ապաստանի խնդիրը նույնպես լուծվեց: ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչությունը համայնքային կենտրոնում մի սենյակ հատկացրեց նրանց: Չնայած սենյակը կեղտոտ էր, պատուհաններն առանց ապակիների էին, չկար լվացարան, այնուամենայնիվ, «Առաքելություն Հայաստանն» արագորեն կարգավորեց այդ ամենն այս ընտանիքի համար: Տիկին Ասլանովան գրում է. «Ես ուզում եմ նշել, որ բոլոր նրանց, ում հանդիպել եմ այս բարեգործական կազմակերպությունում՝ անկախ պաշտոնից եւ կոչումից, հմուտ եւ արժանի մարդիկ են եղել: Սա շատ դրական է կազմակերպության համար, եւ դա կազմակերպության նախագահի՝ Հռիփսիմե Կիրակոսյանի նվաճումն է: Շնորհակալ եմ Ձեզանից, բարի՛ մարդիկ»,- այսպես է ավարտվում Մարիայի նամակը:

«Նախկինում այդպես չէր»
    Տնային տաքացման ծրագրից օգտվեցին Արծվիկ եւ Արմիկ Թերզյանները: Նրանցից մեկն անկողնային հիվանդ է եւ ի վիճակի չէ շարժվել, մյուս քույրը գրեթե նույն առողջական վիճակում է եւ հազիվ է շարժվում: Նրանք միայնակ են եւ իրենց օգնող բարեկամներ չունեն: «Առաքելություն Հայաստանը» սոցիալ-առողջապահական ծառայություններ է տրամադրում Թերզյանների ընտանիքին սկսած 1995թ.-ից: Խնամողն այցելում է նրանց շաբաթը երեքից չորս անգամ, եւ կատարում անհրաժեշտ տարատեսակ աշխատանքներ, այդ թվում՝ տան մաքրում, սննդի ապահովում, անձնական հիգիենայի համար պրոցեդուրաներ, լվացք եւ այլն: Բացի այդ, բժշկական թիմն իր խնամքի տակ է վերցրել քույրերին եւ բուժօգնություն է տրամադրում նրանց:
Ավստրալիայի մասնաճյուղի ղեկավար Հրաչ Կիուջիանը Անծվիկ եւ Արմիկ Թերզյաններին այցելության ժամանակ շահառուներին գտավ անկողնային վիճակում: Նրանց խնամողն արդեն հասցրել էր բավականին գործ անել: Նա բացատրեց, որ արդեն մաքրել է սենյակները, կերակուր է պատրաստել եւ օգնել է քույրերին այն ուտել, քանի որ նրանք ի վիճակի չէին ինքնուրույն սնվել: Աշխատանքի մնացած մասը դեռ պետք է արվեր. խնամողը պետք է լվանար ափսեները եւ լվացքն աներ:


    Հյուրը դիմեց քույրերից մեկին՝ ասելով. «Տիկին Արծվիկ, պատմեք, խնդրում եմ, Ձեր մասին»: Այդ խնդրանքին հաջորդեց այս կյանքի պատմությունը:
Քույրերը ծնվել էին Վանում, որը ներկայումս գտնվում է Թուրքիայում, պատմական Հայաստանի տարածքում: Հայրը սպանվել էր զինված հակամարտության ժամանակ: Քույրերն ու մայրը հազիվ էին փրկվել 1915թ.-ի Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ: Այս երկու տարեցներն ապրել էին դժվարություններով լի գրեթե մի ամբողջ դարի կյանք:
-Իմիջիայլոց,- ասաց Տիկին Արծվիկը,- ես սոպրանոյի շատ հաճելի ձայն ունեի, երբ երիտասարդ էի:
Իսկ այժմ նրա ձայնը դողում էր այնպես, ինչպես իր ձեռքերը:
Խելամիտ կլիներ փոխել թեման: «Իսկ ի՞նչ կասեք, տիկին Արծվիկ, Ձեզ տրամադրվող խնամքի մասին»: Այս հարցին նա պատասխանեց՝ ասելով.
-Մենք արդեն կենդանի չէինք լինի, եթե չլիներ այս կազմակերպությունն ու սիրալիր մարդիկ: Նրանք ամեն ինչ անում են մեզ համար: Դուք հասկանու՞մ եք: Նախքան մեր խնամողի գալն այստեղ միանգամայն այլ վիճակ էր: Իսկ այժմ մեր տանը շատ ջերմ է: Նախկինում՝ մինչ վառարանով մեզ ապահովելն, այստեղ ամեն ինչ այլ կերպ էր: Այն փրկում է մեր մարմիններն ամբողջությամբ սառչելուց: Ես գիտեմ, որ Ավստրալիայից եւ ԱՄՆ-ից սիրալիր մարդիկ են օգնել մեզ այն ունենալ: Եթե Դուք իմանայիք, թե մենք որքա՜ն շնորհակալ ենք նրանցից այդ վառարանի համար…»:


Վերականգնված բնակարանը եւ վերսկսված կյանքը
    Երբ «Առաքելություն Հայաստանի» վերանորոգման խումբը մտավ Սեդա Քոշտոյանի բնակարանը վերանորոգումը սկսելու համապատասխան նախապատրաստումները կատարելու համար, նա չէր էլ հավատում, որ իր բնակարանը կարող էր վերանորոգվել: Նա զարմանքով ճայնեց. «Դուք երկնքից եք եկել…»
Պետք է նշել, որ տիկին Սեդայի բնակարանը գտնվում էր կիսավեր վիճակում: Խոհանոցի եւ սենյակի առաստաղի ծեփի մեծ մասը թափվել էր, միջանցքի մանրահատակը ամբողջությամբ դուրս էր եկել:
Բնակարանի վերանորոգումից հետո նա արցունքն աչքերին եւ հուզված ասաց. «Ես արդեն ինքս ինձ մահվան էի դատապարտել, մտածելով, որ մահն արդեն շատ մոտ է, սակայն դուք ինձ նոր կյանք սկսելու հույս տվեցիք ձեր աշխատանքով: Ես խորապես երախտապարտ եմ ձեր հրաշալի կազմակերպությանը»:


Նոր շունչ Հռիփսիմեին
    Արագածոտնի մարզի Լիճքի հանրակացարանում բնակվող տասնամյա Հռիփսիմե Դանիելյանն ի ծնե հաշմանդամ է եւ չի կարող քայլել: Նրա ընտանիքը բավական խոցելի է եւ ի վիճակի չէ անգամ նրա համար սայլակ գնել: Այս տարիների ընթացքում Հռիփսիմեն դուրս գալու հնարավորություն չի ունեցել, քանի որ մեկուսացել էր բոլորից եւ գամված էր անկողնուն: Ծնողները շարունակում էին դիմել տարբեր կազմակերպությունների՝ սայլակ խնդրելով, սակայն ոչ ոք նրանց չէր աջակցում: Կորցնելով իրենց հույսը՝ նրանք դադարեցին ինչ-որ բան նախաձեռնել, երբ «Առաքելություն Հայաստանը» թիրախային խումբ ընտրեց փախստականների այդ համայնքը:
Ժամանակի եւ ջանքերի գործադրման շնորհիվ «Առաքելություն Հայաստանին» հաջողվեց ձեռք բերել մի սայլակ՝ Հայ առաքելական ասոցիացիայից: Հնարավոր չէ բացատրել ընտանիքի անդամների ուրախությունն ու հրճվանքը, որոնք ասում էին. «Վերջապես մեր դուստրը կարող է մաքուր օդ շնչել»:
 


Ամանորի նվերը
    Տիկին Լյուդմիլա Թովմասովան, աղջիկը եւ թոռնուհին էթնիկ հայեր են, որոնք մի կերպ փախչել են Բաքվի կոտորածներից, եւ հաստատվել փախստականների համար նախատեսված հանրակացարանում: Մի ժամանակ այդ տարածքում եղել էր պանդոկ եւ բնակելի շենքի շահագործումից հետո այն չէր վերանորոգվել: Շենքի այս աղքատիկ բնակարանը դրա լավագույն ապացույցն էր:
Շատ անզգուշորեն էր կատարված էլեկտրական լարերի անցկացումը, եւ այն վթարային վիճակ էր ստեղծում:
«Առաքելություն Հայաստանի» վերանորոգման թիմը նախաձեռնեց բնակարանի վերանորոգում եւ էլեկտրական լարերի վերանցկացում: Նշանակալի էր այն փաստը, որ այդ ամբողջ գործունեությունն իրականացվեց մինչեւ դեկտեմբերի 30-ը, այսպիսով՝ մատուցելով յուրօրինակ նվեր այս ծեր կնոջը Նոր տարվա նախօրեին:
«Ես կհիշեմ այս նվերն իմ ամբողջ կյանքում, եւ կօրհնեմ ձեզ ու ձեր կազմակերպությունը»,- ասաց տիկին Լյուդմիլան՝ հաջողություններ մաղթելով:

Վերականգնված առողջությունը
    «Առաքելություն Հայաստանի» առողջապահական վերականգնողական կենտրոնի շահառուները թույլ տարեց մարդիկ են, ովքեր 24-ժամյա ինտենսիվ առողջապահական խնամքի կարիք ունեն, քանի որ միայնակ են եւ չունեն իրենց օգնող:
38-ամյա Արֆենյա Միրզոյանը Երեւանի Աերացիայի հանրակացարանում է բնակվում եւ գտնվում է «Առաքելություն Հայաստանի» պարբերական խնամքի տակ: Նա ընկել էր եւ կոտրել ոտքը: Ի շնորհիվ կազմակերպության անձնակազմի արագ եւ մոբիլիզացված գործողությունների, իրականացվեց Ա. Միրզոյանի հոսպիտալացումը, կատարվեց համապատասխան ստացիոնար միջամտություն (կպչուն վիրակապեր եւ այլն), կազմակերպությունը հոգաց նաեւ հիվանդանոցային ծախսերը: Դրանից հետո հիվանդը տեղափոխվեց Նոր Նորքում գտնվող «Առաքելություն Հայաստանի» ժամանակավոր վերականգնողական կենտրոն, որտեղ նա գտնվում էր բուժանձնակազմի շուրջօրյա խնամքի եւ հսկողության տակ: Վերականգնողական կենտրոնի անձնակազմի համապատասխան բժշկական միջամտությունը, անձնական հիգիենիկ խնամքը եւ մարդկային հաճելի ու ջերմ վերաբերմունքը տվեցին դրական արդյունքներ` կայունացնելով Արֆենյայի առողջական եւ հոգեական վիճակը:


Սիրալիր կին Էլբիսը
    Այն օրվանից, երբ մենք սկսեցինք մի հիվանդ կնոջ՝ Էլբիս Թորոսյանի բնակարանի վերանորոգման աշխատանքները, որը ճակատագրից բազում դաժան հարվածներ էր ստացել, սակայն դեռեւս մնացել էր միանգամայն սիրալիր եւ կենսուրախ, նա խնդրում էր վերանորոգող անձնակազմի աշխատողներին անել ոչ թե կապիտալ, այլեւ կոսմետիկ վերանորոգում՝ արդարացնելով իր խնդրանքը այն բանով, որ չի ցանկանում ավելորդ անհանգստություն պատճառել աշխատողներին: Հաճախ նա ստիպված էր լինում «նախատել» նրանց մանրամասն ու բծախնդիր աշխատանքի համար:
«Ես երբեւէ ինչ-որ մեկին անհանգստություն չեմ պատճառել եւ շատ անհարմար եմ զգում, երբ տեսնում եմ Ձեզ իմ բնակարանի համար այսքան եռանդուն եւ ջանասիրաբար աշխատելիս»:
Երբ վերանորոգումն ավարտվեց, նա փարվեց վարպետներին եւ ասաց. «Ես խոնարհվում եմ ձեր ու ձեր կազմակերպության առջեւ, դուք այնքա՜ն բան եք արել ինձ համար…»:

«Ինքնօգնությունն ամենալավ օգնությունն է»
    «Առաքելություն Հայաստանը» զարգացրել է զանազան իրագործելի եւ վստահելի մոդելներ՝ ժամանակավոր ապաստաններում բնակվող փախստականների համար: Բացի սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրումից, կազմակերպությունն օգնում է փախստականներին նախաձեռնել ընտանեկան եկամուտ առաջացնող գործունեություն՝ խրախուսելով նրանց սեփական խնդիրներն ինքնուրույնաբար լուծել, ազատելով նրանց մարդասիրական օգնությունից կախվածությունից, փոխելով նրանց «պասիվ ստացողի» մտածելակերպը հետեւյալ նշանաբանով՝ «Ինքնօգնությունն ամենալավ օգնությունն է»:
Փոքր ֆինանսական նախագծերը, որոնք ներառում են փախստականներին առանց տոկոսադրույքի վարկերի տրամադրում, այս նպատակին հասնելու ամենալավ միջոցն են:


   Տիկին Հասմիկի ընտանիքը, որն ապրում է Երեւանում, Արցախի հանրակացարանում, այս նախագծի շահառուներից է եւ բացել է հանրակացարանում փոքրիկ խանութ, որը ծառայում է թե՛ փախստական բնակիչներին եւ թե՛ հարեւան գործարանի անձնակազմին: Ի շնորհիվ ընտանիքի նպատակասլաց նախաձեռնության, նրանք կարողացան մեքենա հայթայթել, որը հնարավորություն ընձեռեց իրենց գործունեությունն ավելի ընդլայնել, եւ ներկայումս, բացի սննդամթերքից, նրանք վաճառում են նաեւ տնային եւ տնտեսական պարագաներ, որը շատ անհրաժեշտ է համայնքին: Բանը նրանում է, որ հանրակացարանը գտնվում է քաղաքի խանութներից եւ երթեւեկությունից մեկուսացված վայրում, մինչդեռ բնակիչների մեծ մասը տարեց անձիք են եւ ստիպված են երկար ճանապարհ քայլել՝ գնումներ կատարելու, նույնիսկ հիմնական անհրաժեշտ պարագաները ձեռք բերելու համար:
Իսկ ինչ վերաբերում է Հասմիկի ընտանիքին, ապա այս խանութը դարձել է նրանց համար ընտանեկան եկամուտ ձեռք բերելու լավ հնարավորություն՝ չնայած դանդաղ, բայց կայուն կերպով տալով նրանց վստահություն եւ հավատ իրենց կարողությունների եւ ապագայի նկատմամբ:

«Դուք եկաք ինձ փրկելու իմ կյանքի մայրամուտին»
    Շուշանիկ Դեմիրճողլյանի մեկ սենյականոց բնակարանն ամբողջությամբ մրի մեջ էր, որը նավթի վառարանի հրդեհման արդյունք էր. անգամ զուգարանն ու բաղնիքը մրի մեջ էին: Տիկին Շուշանիկն ստիպված էր ապրել այդ բնակարանում, չնայած նրան, որ նա շատ մաքուր ու կոկիկ տատիկ էր: Այս վիճակը նրան բավականին մեծ տառապանք ու ցավ էր պատճառել:
«Առաքելություն Հայաստանը» վերանորոգեց նրա բնակարանը: Անգամ աղոտ հետք չէր մնացել հրդեհից: Վերանորոգման ամբողջ ընթացքում նա հուզմունքից միայն մի նախադասություն էր կրկնում. «Դուք եկաք ինձ փրկելու իմ կյանքի մայրամուտին»:
 



Մենք եւ մեր շահառուները ( ֆիլմ )...

Առաքելություն Հայաստան համառոտ ակնարկ



Այցելուների քանակ
64065


Նվիրաբերեք Այստեղ

Follow MissionArmenia on Twitter    MissionArmenia on Facebook